Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ստիպում ենք հրապարակել ձայնագրությունը». Ռ. Քոչարյանը՝ դատավորին

805
Հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ., 15:10
«Ստիպում ենք հրապարակել ձայնագրությունը». Ռ. Քոչարյանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 9-ի նիստում քննարկվեց Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդությունը:

Մինչ միջնորդության քննումը դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ավելի վաղ Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Սակայն ինքը դեռ չի հասցրել դրան ծանոթանալ: Նա դատական կողմերից ճշտեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն միջնորդությունների քննարկման հերթականության վերաբերյալ. կո՞ղմ են, որ Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը քննարկվի մինչև իր ինքնաբացարկի հարցի քննությունը: Առարկություններ հայտնողներ չեղան: Դատարանը սկսեց միջնորդության քննումը: Դրա հիմնավորումները ներկայացրին Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Միհրան Պողոսյանը: Նրանք կրկին հիշեցրին «7-ի գործը», որով մեղադրվողների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Հիշեցնենք, որ քրեական այդ գործով 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ կապված մեղադրանք էր ներկայացվել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստներ՝ Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի նկատմամբ:

Քրեական հետապնդումը դադարեցնելուն առարկեց Մարտի 1-ի գործով տուժած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. «Համեմատում է Ալեքսանդր Արզումանյանի գործը էս երկիրը քանդողի հանցագործության հետ: Ալ. Արզումանյանն իր իրավունքն է պաշտպանել»:

Դատական նիստի ընթացքում վիճաբանություն սկսվեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և հակառակորդների միջև: Նրանցից մեկը, դիմելով Քոչարյանի պաշտպանական կողմին, ասաց. «Ձեզ կոռեկտ պահեք, թե չէ դուք էլ այն օրը կընկնեք, ինչ մենք ենք»:

Դատավորը ստիպված եղավ հիշեցնել, որ դատարանում են: Ռ.Քոչարյանը պնդեց, որ իր պաշտպանության կողմին սպառնալիք է հնչեցվել: Նա, դիմելով դատավորին, ասաց. «Ստիպում ենք Ձեզ՝ հրապարակեք ձայնագրությունը, թե ինչ է ասվել»: Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան նշեց, թե դատական նիստի ավարտից հետո տեսաձայնագրությունը կտրամադրվի և կներկայացվի հաջորդ նիստին:

Իսկ դատական հաջորդ նիստի օր ու ժամ նշանակվեց հունվարի 14-ի, ժամը 13-ը: Այդ օրը կշարունակվի միջնորդությունների քննարկումը: