Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Փակ շուկան» Լֆիկին է վաճառվել մոտ 21 միլիոն դրամով

443
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 13:30
«Փակ շուկան» Լֆիկին է վաճառվել մոտ 21 միլիոն դրամով

Երևանի թիվ 1 շուկայի պահպանման համար 2000-ական թվականներից սկիզբ առած պայքարն այդ տարիներին դիտարկվում էր հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող կառույցը չաղավաղելու դիտանկյունից: Պայքարողների առաջին շարքում ճարտարապետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին: Նրանք՝ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» կարգախոսով ակցիաներ էին կազմակերպում: Բողոքի ակցիաները, պաշտոնյաներին ուղղված նամակներն այդպես էլ արդյունք չտվեցին: Փակ շուկան անցավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռքը:

MAMUL.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե կադաստրային ի՞նչ արժեքով էր պատգամավորը ձեռք բերել շուկան: Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից ասացին, որ շուկայի շենքը համայնքային սեփականություն չէ, և իրենք օտարման վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում: Մեր հիշեցումը, թե Երևանի տարածքում գտնվող ցանկացած տարածքի օտարում առանց քաղաքապետի որոշման չի արվում, արդյունք տվեց: Ստացանք Երևանի քաղաքապետի կայացրած որոշումները: Դրանք ստորագրվել են 2014թ. հուլիսի 18-ին և հուլիսի 25-ին:
Դրանցից մեկի համաձայն՝ Մաշտոցի պողոտայի հ. 5 հասցեում, «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից՝ 840.89քմ /556.6քմ+284.29քմ/ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել (վաճառվել) է ընկերությանը՝ տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 21 միլիոն 316 հազար 562 ՀՀ դրամ (2014թ. դրամ-դոլար փոխարժեքով՝ մոտ 52 հազար 400 ԱՄՆ դոլար): Նշյալ գումարն էլ փոխանցվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին՝ որպես հողի օտարումից եկամուտ:

Ինչպես նշված է որոշման մեջ, ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվող հողամասը ՀՀ կառավարության 2009թ. կայացրած որոշմամբ Երևան համայնքին է փոխանցվել բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գործառնական նշանակությամբ /օգտագործման նպատակով։ Այսինքն՝ քաղաքապետարանի պնդումը, թե շուկայի շենքը համայնքային սեփականություն չէ, կիսաճշմարտություն է: Շենքը ոչ թե համայնքային սեփականություն չէ, այլ չէ՜ր: Կառավարության որոշմամբ այն արդեն դարձել է Երևան համայնքի սեփականությունը:

Նշյալ որոշմամբ քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին լիազորվել է Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Մաշտոցի պողոտայի հ. 5 հասցեում սեփականության իրավունքով «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 4337.90 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական։

Նշենք, որ «Երևանի թիվ 1 շուկան» տարիների ընթացքում մի քանի սեփականատեր է ունեցել: Այն 2002թ. հիմնադրված «Հայաստանի սպառողական ընկերությունների միության «Երևանի թիվ 1 շուկա»» դուստր ձեռնարկության (1995 թ.) և «Աերոսփեյս» ՍՊԸ-ի (1997 թ.) իրավահաջորդն էր: 2000-ական թթ.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով ՀՀ տնտեսության մեջ միջոցներ ներդրեց մոսկվաբնակ գործարար Լևոն Մարկոսը՝ գնելով մի քանի ընկերություններ, «Կրեդիտ-Երևան» բանկը, երևանյան մի քանի շուկաներ, այդ թվում՝ Մաշտոցի պողոտայինը: Լևոն Մարկոսի հիմնադրած «Մուլտի մարկետ» ՍՊԸ-ին որպես բաժնետեր միացել է ԱՄՆ Օրեգոն նահանգում գրանցված «Kenton Group»-ը: 2005-ին «Մուլտի Մարկետը» դուրս է եկել շուկայի բաժնետերերի ցանկից, իսկ 2007-ի օգոստոսին ամերիկյան ընկերությունն իր ամբողջ բաժնեմասը հանձնել է Գագիկ Ծառուկյանին: Նա էլ 2011-ի նոյեմբերին 525 մլն դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ն վաճառել է մեկ այլ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանին:

2017թ. նախկին սեփականատեր Լեւոն Մարկոսը բաց նամակով դիմեց ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին՝ պնդելով, որ իրեն ապօրինի են ունեզրկել: Հետո Լ.Մարկոսի հանդեպ քրեական գործ հարուցվեց: Թավշյա հեղափոխությունից հետո սակայն քրեական գործում նոր հանգամանքներ ի հայտ եկան, որոնց մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ Քննչական կոմիտեն:

Վերջին շրջանում Լևոն Մարկոսը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում իր կրած վնասները վերադարձնելու մտադրության մասին է հայտնել: