Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Իրանում չինացիները, թուրքերն ու ադրբեջանցիները ներդրումներով են զբաղված, իսկ մենք պարապուրդի ենք մատնվել». Միքայել Մելքումյան

335
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 15:15
«Իրանում չինացիները, թուրքերն ու ադրբեջանցիները ներդրումներով են զբաղված, իսկ մենք պարապուրդի ենք մատնվել». Միքայել Մելքումյան

«Թե՛ հարակից, թե՛ ամփոփիչ ելույթներում կուզեի լսել՝ ովքեր են իրենց կապիտալները երկրից դուրս տանում. շատ հետաքրքիր է: Եվ երկրորդը՝ իսկ ինչո՞ւ են տանում: Բայց ինչպե՞ս չտանեն, երբ պետությունը, որ ամենախոշոր գործատուն է ՀՀ-ում և արտասահմանում, ինքն իր կապիտալ ծախսերի փողերը չի կարողանում ծախսել:

Օրինակ՝ 2019թ. բյուջեում մենք դրել ենք 221 միլիարդ դրամ կամ 500 միլիոն դոլար, նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսել ենք 89 միլիարդ դրամ կամ 150 միլիոն դոլար». նոյեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը:

Ըստ պատգամավորի՝ ինքն ընդունելի կհամարեր, եթե պետությունն ազնվորեն հայտարարեր, որ չունենք այն պայմանները ներդրումների համար, թե որ ուղղություններով ծախսենք: Մ. Մելքումյանը նկատեց, որ մեկուկես տարին բավարար էր, որպեսզի ներդրումների համար միջավայր ստեղծվեր:

«Խնդիր է դրվում, որ օրինակ՝ ճանապարհաշինության մեջ նոր խաղացողներ չեն առաջանում: Ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանից պետք է գան ու ՀՀ-ում տենդեր շահեն: Հլը մենք պիտի գնանք, որովհետև լավ կլինի, որ հայկական ռեզիդենտ ընկերությունը շահի, ու մեր աշխատողներն աշխատեն: Բայց ինչո՞ւ նոր խաղացողներ չեն հայտնվում. որովհետև նեդրումներ չեն արվում նոր խաղացողների ձևավորման համար»,- մեկնաբանեց պատգամավորը:

Նա հարց ուղղեց, թե ինչո՞ւ քայլ չի արվում Մեղրու ազատ գոտին Իրանի հետ կապող տնտեսական կամուրջ դարձնելու համար: «Ի՞նչ է, գնանք Կիրգիզիայի փո՞րձն ուսումնասիրենք»,- ասաց նա՝ հավելելով, թե որևէ երկրի փորձ ներկայացնելու կողմնակից չէ:

«Իրանում չինացիները, թուրքերն ու ադրբեջանցիներն ինվեստիցիաներով են զբաղված, իսկ մենք պարապուրդի ենք մտել: Դեռ 1-1,5 տարի առաջ կարելի էր Փոթիի մոտակայքում էժան հողեր առնել, տերմինալ կառուցել»,- ասաց Մելքումյանը՝ հարուցելով ոմանց ժպիտը, ինչին ԲՀԿ-ական պատգամավորը արձագանքեց. «Մենք դրան պետք է հասնենք, այդ ժամանակ ոչ թե կժպտանք, այլ կուրախանանք հաջողությամբ»: