Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կալանավորվածի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Արարատի դատախազության դիմաց

255
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 12:10
Կալանավորվածի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Արարատի դատախազության դիմաց

Նոյեմբերի 4-ին բողոքի ակցիա իրականացրին Արարատի մարզի բնակիչները: Քաղաքացիները պահանջում են վերացնել իրենց համագյուղացի Գրիշա Հակոբյանի հետախուզման որոշումն ու Գերմանիայից արտահանձնման գործընթացը։ Գ. Հակոբյանը 2016թ. հետախուզման մեջ է, մեղադրվում է մի քաղաքացու հարվածելու մեջ: Սակայն նա, առողջական խնդիրներ ունենալով, մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով: Ըստ բժիշկների տված եզրակացության՝ քաղցկեղի բուժման համար կպահանջվի 5 տարի: ՀՀ իշխանությունները հանաձայնել են սպասել բուժման ավարտին: Սակայն որոշ ժամանակ անց առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկում Գերմանիա՝ հավաստիացնելով, որ Գ. Հակոբյանի բուժումը կարելի է կազմակերպել ՀՀ-ում, գերմանական կողմն էլ նրան ուղարկել է Հայաստան: Այստեղ նրան կալանավորում են:

Ակցիայի մանակիցները պահանջում են, որ Գ.Հակոբյանի խափանման միջոցը փոխվի: Կալանավորվածի եղբայրը պնդեց, որ իր եղբայրն անմեղ է, քաղաքացուն չի հարվածել, ավելին՝ դրա վերաբերյալ տուժողի բողոք չկա:

Ակցիայի մասնակիցներից հանրային վերահսկողության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանն ասաց, որ դատախազությունից առաջարկել հանդիպել՝ մի քանի ներկացուցիչների հետ՝ առանց լրատվամիջոցների ներկայության, որովհետև կա նախաքննական գաղտնիք չբացահայտելու օրենսդրական պահանջը: Հանդիպման այդ տարբերակին ակցիայի մասնակիցները սկզբում չհամաձայնեցին, սակայն հետո հանդիպումն Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի հետ կայացավ: Գ.Հակոբյանի եղբայրը դատախազին խնդրեց եղբորը տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ բուժումը շարունակելու համար, իսկ հանրային վերահսկողության ներկայացուցիչ Բ. Հարությունյանը հետաքրքրվեց՝ դատախազը պատրա՞ստ է միջնորդությամբ հանդես գալու:

Դատախազը հայտնեց, որ մինչ հանցագործություն կատարելը Գ.Հակոբյանը եղել է Գեմանիայում, այնտեղից հետո վտարվել է, հետո կեղծ փաստաթղթերով կրկին հայտնվել է Գերմանիայում: Կալանավորումն արվել է՝ ունենալով դրա համար հիմքերը՝ նրան առաջադրված հոդվածներ՝ ծանր հանցագործություն, ապօրինի կերպով ՀՀ սահմանի հատում, փաստաթղթի կեղծում: Դատախազը նշեց, որ խափանման միջոցը փոխելը հնարավոր կհամարվի այն դեպքում, երբ Գ.Հակոբյանի վարքագծի մեջ փոփոխություն կլինի, և կվերանան նրան կալանքի տակ պահելու հիմքերը: Դատախազ Ս.Հովհաննիսյանը առաջարկեց, որ հաջորդ հանդիպմանը ներկա լինի նաև Գ.Հակոբյանի պաշտպանը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաք են կազմակերպելու: