Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Միջուկային տերությունները պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվել ատոմային զենքից

1287
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 21:10
Միջուկային տերությունները պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվել ատոմային զենքից

«Չնայած նրան, որ ատոմային զենքի քանակը ողջ աշխարհում կրճատվում է, միջուկային տերությունները դեռ շարունակում են զբաղվել դրա արդիականացմամբ, որովհետև նրանք պատրաստ չեն տեսանելի ապագայում դրանից հրաժարվել». այսպիսի եզրակացություն է արված Ատոմային զենքի ներկա վիճակի մասին հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Ստոկհոլմի՝ Աշխարհի հիմնախնդիրների միջազգային ինստիտուտի կայքում:

Այժմ աշխարհում կա 9 միջուկային տերություն՝ ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և ԿԺԴՀ: Բոլորը միասին տիրապետում են 13 865 միավոր միջուկային զենքի, որից 2 հազարը բարձր պատրաստավածության վիճակում են:

Ինստիտուտի ներկայացուցիչ Յան Էլիասոնի տվյալներով՝ միջուկային զենքի կրճատումն արվել է հիմնականում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաշվին, որոնց բաժին է հասնում ողջ պաշարների 90%-ը: Կրճատումն արվել է համապատասխան պայմանագրի (СНВ-3) համաձայն, ընդ որում՝ այդ հարցում երկրներն անգամ միակողմանի քայլեր են արել: Պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ.:

Ըստ հաշվետվության՝ փաստաթուղթն ստորագրած երկրները դրա ժամկետը երկարացնելու հարցը դեռ չեն քննարկում, և ամերիկյան ու ռուսական միջուկային պաշարների կրճատման հավանականությունը 2 երկրների տարաձայնությունների ֆոնին քչանում է:

2019-ի հունվարի տվյալներով՝ ՌԴ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների թիվը հասնում է 6500-ի, իսկ ԱՄՆ-ինը՝ 6185: 2 երկրներն էլ միջուկային զենքի արդիականացման «թանկարժեք» ծրագրեր ունեն: Պենտագոնը հայտարարել էր, որ ՌԴ-ն ունի նաև ոչ մարտավարական 2 հազար մարտագլխիկ, որոնց վրա պայմանագիրը չի տարածվում: Մյուս երկրների միջուկային պաշարներն ավելի քիչ են, սակայն դրանք էլ կամ նոր համակարգեր են մշակում, կամ արդեն ներդնում են դրանք: ԿժԴՀ-ն միջուկային ծրագրերը դիտարկում է որպես ազգային անվտանգության առանցք: 2018թ. այդ երկիրը հայտարարել էր ատոմային զենքի, բալիստիկ հրթիռների փորձարկումների դադարեցման մասին:

ՌԴ նախագահ Վ.Պուտինն էլ հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է չերկա8աձգել պայմանագրի ժամկետը, որովհետև իր պաշտպանական համակարգերը հնարավորություն են տալիս ամբողջությամբ ապահովել երկրի անվտանգությունը: