Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Հնարավորինս արագ, ամբողջ ծավալով պետք է գործարկենք Գյումրիի օդանավակայանը»․ Փաշինյան

256
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 10:45
«Հնարավորինս արագ, ամբողջ ծավալով պետք է գործարկենք Գյումրիի օդանավակայանը»․ Փաշինյան

«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անկախության առաջին օրերից լինելով կիսաշրջափակված իրավիճակում՝ ՀՀ-ի համար օդային տրանսպորտը կարևոր նշանակություն ունի։

«Իհարկե, այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ և ձևավորել ենք ապագայի օրակարգ»,- նշել է նա։

Ելույթի ընթացքում վարչապետը ընդգծել է մի շարք կարևոր առանձնահատկություններ, որոնք կնպաստեն ՀՀ տնտեսության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանը․ «Շատ կարևոր է, որ մենք ի վերջո հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որը իր հերթին, հույս ունենք, որ կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը՝ ավիատոմսերի գների նվազմանը, որը շատ կարևոր է նաև Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար»,- ասել է Փաշինյանը։

Նա ելույթի ընթացքում փաստել է, որ Հայաստանում տեղական ավիափոխադրողների գործունեությունը և ծավալները այնպիսին չեն, ինչպիսին իրենք կցանկանային․ «Մեր համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի այն, որ Կառավարություն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանները և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, իրար հետ համագործակցելով, կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողների ի հայտ գալը և նրանց մրցունակությունը ապահովելը»,- ընդգծել է նա։

Արդեն տեղեկացրել էինք, որ որ Երևանում մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ։