Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Դատախազները միջնորդել են նիստը դռնփակ անցկացնել. Քոչարյանի պաշտպանները դեմ են

948
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 14:30
Դատախազները միջնորդել են նիստը դռնփակ անցկացնել. Քոչարյանի պաշտպանները դեմ են

«Քանի որ Քրեական դատավարության համապատասխան հոդվածը նախատեսում է, որ գործը կամ դրա մի մասը դռնփակ դատական նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ, պահպանենք օրենքի տառն ու քննարկումը կատարենք դռնփակ: 5 րոպե ընդմիջում է հայտարարվում, կարգադրիչներին հանձնարարվում է ապահովել այդ ռեժիմը՝ մեղադրող դատախազների միջնորդությունը քննելու համար»,- հայտարարեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Մինչ այդ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը փորձել էր հատվածներ մեջբերել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։ Մեղադրող դատախազներն առարկել էին:

«Պատճառաբանում են, թե ցուցմունքների հատվածներ կարող են հրապարակվել, բայց ուզում եմ ասել, որ նախաքննությունն ավարտվել է ու գաղտնիքի խնդիր չկա»,- ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Դռնփակ նիստ անելու որևէ հիմք չկա»,- կրկնեց նա:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Տեսանյութը՝ Factor.am-ի