Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Լոմբարդների և վարկային կազմակերպությունների վճարի շեշտակի բարձրացումով շուկայում կառաջանա մենաշնորհ»․ Արա Վարդանյան

290
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 03:20
«Լոմբարդների և վարկային կազմակերպությունների վճարի շեշտակի բարձրացումով շուկայում կառաջանա մենաշնորհ»․ Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տնտեսական հեղափոխության մասին. շատ չխորանալով «հեղափոխություն» բառի անհամադրելիությանը տնտեսության հետ, քանզի շատերն են արդեն դրա մասին խոսացել, ցանկանում եմ կենտրոնանալ մեզ սպասվող փոփոխությունների վրա։ Գաղտնիք չէ, որ մոտակա ժամանակահատվածում կընդունվի հարկային փոփոխությունների փաթեթը։ Միաժամանակ, հրապարակ է նետվել նաև գույքահարկի շեշտակի բարձրացման հարցը։ Շրջանառվում է մինչև 10 անգամ այդ հարկը բարձրացնելու հարցը։ Ոչ վաղ անցյալում ականատեսն էինք գազավորված խմիչքների և լոմբարդների աշխատակիցների բողոքի ակցիաներին, որոնց արդյունքում կառավարությունը գնաց զիջումների և ժամանակավորապես հետաձգեց կիրառումը։ Շատ պարզ վերլուծությունը ցույց է տալի, որ հարկային բեռի ավելացումն իրականում լուծելու է եկամուտների ապահովման հարցը, բայց, ցավոք, շատ կարճ ժամանակով։ Պետք է շատ լուրջ քննարկման առարկա դարձնել հարկային (բոլոր տեսակի) բեռի ավելացման հետևանքները երկարատև ժամանակահատվածում։ Որպես օրինակ կենտրոնանանք գույքահարկի վրա։ Հայաստանում գործող սպասարկման ոլորտի բիզնեսների գերակշիռ մասն աշխատում են վարձակալական հիմունքներով տարածքներում։ Ակնհայտ է, որ գույքահարկի բարձրացման հետ մեկտեղ տարածքների սեփականատերերը բարձրացնելու են վարձակալության գինը։ Սա իր հերթին անկասկած բերելու է այդ ոլորտում գների բարձրացմանը, ինչն ամառվա ամիսներին կարող է լուրջ խնդիր չառաջացնել, քանզի այդ ամիսներին սպասարկման ոլորտը մեծապես աշխատում է զբոսաշրջիկների հոսքերի հաշվին։ Իսկ ձմռանն սկսվելու են խնդիրներ, քանի որ տեղական սպառողը պատրաստ չէ ծախսել ավել գումար։ Դրա արդյունքում ընկնելու է սպասարկման ոլորտի շրջանառությունը, ինչը, միանշանակ, ազդելու է հարկահավաքի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ոլորտում գործող սուբյեկտներն աշխատում են շրջանառության հարկով։ Գույքահարկի փոփոխությունը նաև բերելու է անշարժ գույքի շուկայում առաջարկի լուրջ ավելացմանը և որպես արդյունք գների նվազեցմանը, որն իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ իրականացվող շինարարությունների վրա։ Պարզ ասած, կան շատ մարդիկ, ովքեր դեռևս սովետական տարիներից ունեն բավականին մեծ հողակտորներ, առանձնատներ, բնակարաններ, բայց չեն համարվում կայուն եկամուտ ունեցող անձինք։ Այդ մարդկանց համար գույքահարկի շեշտակի բարձրացումը կարող է պատճառ դառնալ իրենց գուքը վաճառելու համար։ Ակնհայտ է, որ դրա պատճառով առաջանալու է բավականին մեծ առաջարկ անշարժ գույքի շուկայում, որն էլ իր հերթին անկասկած բերելու է գույքի գների նվազմանը։ Ստացվելու է, որ նորակառույց շենքում բնակարան առնելը լինելու է շեշտակի ավելի թանկ, քան այլ տեղերում, ինչը բերելու է շինարարական ոլորտի անկմանը։ Ընդհանրապես տնտեսությունը չի սիրում «հեղափոխական» փոփոխություններ․ նմանատիպ փոփոխությունները պետք է իրագործել փուլային տարբերակով՝ ընթացքում լուրջ վերլուծելով փոփոխության արդյունքում տեղի ունեցող տենդենցները։ Նմանատիպ վերլուծություն կարելի է անել նաև բոլոր այլ հարկատեսակների համար։ Ակնհայտ է, որ լոմբարդների և վարկային կազմակերպությունների վճարի շեշտակի բարձրացումով շուկայում կառաջանա մենաշնորհ կամ կմնան շատ սահմանափակ խաղացողներ, ինչն իր հերթին բարձրացնելու է գործաղուրկների թիվը։ Ակցիզային հարկի բարձրացումն իր հերթին կարող է հանգեցնել շուկայում ինքնաքաշ օղիների վաճառքի կտրուկ աճին և ալկոհոլային խմիչքների ստվերային շուկայի ստեղծմանը։ Սրա արդյունքում ակնհայտ է, որ կրճատվելու են թե՛ ներմուծումները, թե՛ արտադրության ծավալները։ Ասածս ինչ է՝ պետք է խորապես վերլուծել բոլոր փոփոխությսւնները և իրենց ազդեցությունը տնտեսության վրա, ոչ թե մեկ տարվա, այլ առնվազն 5 տարվա կտրվածքով»։