Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Բանավեճ՝ Ծառուկյանի ցեմենտի բիզնեսը պաշտպանող նախագծի շուրջ

348
Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 15:20
Բանավեճ՝ Ծառուկյանի ցեմենտի բիզնեսը պաշտպանող նախագծի շուրջ

Այսօր «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու Կառավարության առաջարկած նախագծի քննարկման ընթացքում բանավեճ տեղի ունեցավ ԲՀԿ-ի և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև: Նախագիծը ներկայացնելիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ վերոնշյալով Կառավարությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը։ Առաջարկվում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ 2018-ին Հայաստանում սպառված 730 հազար տոննա ցեմենտի մեջ 180 հազար տոննան ներմուծված է եղել, մոտ 550-ը՝ տեղական արտադրության։ Նախագիծը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ: Նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղեկան ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի:

Նիստի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դեմ արտահայտվեց 22 հազար դրամ պետական տուրքին. «Կարծում եմ, որ 22 հազար պետտուրքը պետք է զգալի իջեցնել, որպեսզի եկամտաբեր լինի ցեմենտ ներկրելը, ինչը կբերի գների իջեցման: Պետք է հաշվառենք՝ մեզ ավելի շատ ձեռ է տալիս 400 աշխատատեղ պահե՞լ, թե մեր շինարարությունն էժանանա ու բյուջեում մուտքեր ապահովենք»:

Վերջինի ելույթը վրդովմունք առաջացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանի մոտ. «Իմ գործընկերոջ ասած բառի վրա եմ զարմանում՝ 400 հոգի փակենք... Պարոն Սարգսյան, էդի մոտեցում չի։ Էսօր ամեն մի աշխատուժի համար պետք ա կռիվ տանք։ Հաշվենք մեր ընտանիքն ա, ժողովուրդը մերը չի՞, էդ ինչի՞ եք ասում՝ մի աշխատի։ Ինձ հետաքրքիր ա՝ դուք աշխատատեղ ստեղծե՞լ եք, որ հեշտությամբ ասում եք: Միանգամից միտքը դնում եք փակել, ջարդելու վրա։ Մտածեք՝ ո՞նց ուժեղացնենք»:

Նախագիծը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ։