Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՊԵԿ-ը «Սենատոր Սպորտ» ընկերությանը 1,65 մլրդ դրամ է առաջադրել՝ առանց լիցենզիայի պոկերի մրցաշարեր անցկացնելու համար

461
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 17:05
ՊԵԿ-ը «Սենատոր Սպորտ» ընկերությանը 1,65 մլրդ դրամ է առաջադրել՝ առանց լիցենզիայի պոկերի մրցաշարեր անցկացնելու համար

Լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է «Armenia Snowfest» անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր: Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ գործի քննություն իրականացնելու նպատակով: Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է այն հանգամանքը, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում խաղի մրցաշարերը կազմակերպել և անցկացրել է՝ առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի: ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից կայացված վարչական ակտով ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով և վնասի հատուցման գումար՝ 150 միլիոն դրամի չափով, ընդհանուր առմամբ՝ 1 մլրդ 650 մլն դրամ։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին