Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանին զենքի վաճառքը չի կարող բացառապես գործնական համարվել». ՀՀ ԱԳՆ

1539
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 15:00
«Ադրբեջանին զենքի վաճառքը չի կարող բացառապես գործնական համարվել». ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանին զենքի վաճառքը չի կարող բացառապես գործնական համարվել: Այս մասին բելառուսական TUT.BY պորտալին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Բազմիցս ասել ենք, որ չենք կարող բացառապես գործնական համարել Ադրբեջանին զենքի մատակարարումները: Դա զենք է, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը: Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը վտանգավոր է: Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից Ադրբեջանին զինելուն, ապա դա վերոնշյալ մտահոգությունների հետ մեկտեղ կասկածի տակ է դնում հավաքական անվտանգության ողջ տրամաբանությունը, մարտահրավեր նետում ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ողջ տրամաբանությանն ու վնաս հասցնում կազմակերպության հեղինակությանը»,- ասել է Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Ադրբեջանին սպառազինությունների և հակաօդային պաշտպանության տեխնիկայի մատակարարումների շուրջ նոր պայմանագիր է նախապատրաստվում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարումները, ասել էր. «Մենք դատապարտում ենք նման գործարքները, դրանք համարում ենք ուղղված ընդդեմ Հայաստանի ազգային շահերի»: