Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու». Արարատ Միրզոյան

411
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 16:10
«Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու». Արարատ Միրզոյան

«Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու, դա բացառվում է»,- Կառավարության արտահերթ նիստում՝ անդրադառնալով ՊԵԿ-ի ներկայացրած հայտարարագրման համակարգի ներդրման օրենսդրական նախաձեռնությանը, ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ քննարկումները կարող են «մանիպուլյատիվ» տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: «Բայց կարող են մեկնաբանվել նաև այնպես, ինչպես կա և արժանանալ մարդկանց կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: Միայն հանրության աջակցությանն արժանանալուց հետո դրանք կարող են կյանքի կոչվել»,- պարզաբանել է Միրզոյանը:

Նա մանրամասնել է, որ գաղափարը եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելն է, ու եթե դա կյանքի կոչվի, բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես դա հիմա անում են համապատասխան պաշտոն զբաղեցնողները: «Նախ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան և նույնիսկ, եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը: Այսինքն չի կարող պատահել, որ որևէ մեկն իր եկամտից Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում հարկ է վճարում, ու մի հատ էլ Հայաստանում են հարկում»,- շարունակել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ պետք է քննարկվի՝ թե որքանո՞վ երկիրը կարող է շահել, քաղաքացիները որքանո՞վ կարող են շահել, որքանով՝ ոչ: