Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մարիխուանայի արտահանումը կօգնի Վրաստանի տնտեսությանը». Իվանիշվիլի

1655
Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 22:00
«Մարիխուանայի արտահանումը կօգնի Վրաստանի տնտեսությանը». Իվանիշվիլի

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մարիխուանայի արտահանումը կօգնի երկրի տնտեսությանը, սակայն եթե եկեղեցին և հանրությունը դեմ են այդ գաղափարին, ապա նրանց դիրքորոշումները հաշվի կառնվեն:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ կառավարությունը կքննարկի բժշկական և արտահանման նպատակներով մարիխուանայի աճեցման օրինականացման հնարավորությունը: Դեմ էր հանդես եկել Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը: Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի սկզբին որոշել էր 2 ամսով հետաձգել հարցի քննարկումը:

«Այն, որ պատրիարքությունը մտահոգված է, հասկանալի է, քանի որ վրաց եկեղեցին հոգ է տանում ժողովրդի մասին…Թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են, և եթե մեզ վստահեցնեն, որ այն իրոք ռիսկեր է պարունակում, ապա «Վրացական երազանք»-ի թիմը չի գնա հասարակության դեմ»,- վրացական 3 հեռուստաալիքների հետ զրույցում ասել է Իվանիշվիլին:

Նշենք, որ Վրաստանում հոկտեմբերի 28-ին անցկացվելու են նախագահական ընտրություններ: Նախագահը կընտրվի ոչ թե 5, այլ 6 տարի ժամկետով: Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է 25 թեկնածուի: Նրանց թվում են՝ Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, «Լեյբորիստական» կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն: