Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին

342
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 13:50
Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին

MAMUL.am-ի խմբագրություն է ահազանգել Սևան քաղաքի բնակչուհի Նաիրա Մուրադյանը և հայտնել, որ հոկտեմբերի 7-ի կեսգիշերին իր եղբորը՝ 28-ամյա Արա Մուրադյանին, բուքմեյքերական կետից տարել են Սևանի ոստիկանական բաժին և ծեծի ենթարկել. «Անմեղ տեղը եղբորս ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին»,- նշել է նա։
Միջադեպը տեղի է ունեցել Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում, երբ երեք ոստիկաններ, մոտենալով Արա Մուրադյանին, ասել են, թե ահազանգ է ստացվել, որ այնտեղ կռիվ է, սակայն լսելով հերքում, ոստիկանը սկսել է շորով ծեծել: Այնուհետ երիտասարդին տարել են բաժին և մահակներով ծեծի ենթարկել՝ հարվածելով գլխին և մեջքին, հայհոյել, մինչև իսկ շորերը հանել։ Իսկ ոստիկանապետի տեղակալը նայել է, թե ինչպես են ծեծում։ Այս մասին պատմում է Արա Մուրադյանի քույրը՝ Նաիրան։
Քրոջ պնդմամբ՝ եղբայրը բազմիցս հարցրել է, թե իրեն ինչո՞ւ են ծեծում, սակայն պատասխան չի ստացել։
Արա Մուրադյանի ընկերոջ մայրը՝ Գայանե Գասպարյանը, ով գնացել է բաժին, նշում է, որ իրեն սպառնացել են՝ բողոքելու դեպքում տղան այնտեղ կմնա։ Մի քանի անգամ նրա տուն են գնացել, ստիպել, որ մոռանան կատարվածի մասին և չբողոքեն։
Գայանեի խոսքով՝ ծեծել են Արա Մուրադյանին, որովհետև վատառողջ մայր ունի, և մտածել են, թե ոչ ոք չի բողոքի։ «Հենց այդ օրը տեղափոխել ենք Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, դատական բժիշկ չի եկել, ասացին՝ տարեք, վաղը կբերեք... Այսպես ուղղակի հնարավոր չէ, այնքան անմեղ տղաներ կան, որոնք ծեծի են ենթարկվել ու բանտարկվել այդ նույն ոստիկանության աշխատակիցներ Վահագ Միքայելյանի, Լյովա Առաքելյանի, Թաթուլի ու Սահակի պատճառով»։
Արա Մուրադյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն թուղթ են տվել, որպեսզի ստորագրի, թե իրեն ծեծի չեն ենթարկել, աստիճաններից է ընկել, սակայն նա հրաժարվել ու պահանջել, որ զանգահարելու հնարավորություն տան և փաստաբան տրամադրեն։
Նաիրա Մուրադյանը նշում է, որ հոկտեմբերի 8-ին գնացել է և դիմում գրել Երևանի փոխոստիկանապետին, դիմել է նաև նաև ՀՔԾ։
Նաիրայի խոսքերով՝ եղբայրն այժմ հոգեբանական լուրջ վիճակում է, գլուխն ու մեջքը կապտուկների մեջ են։ Փոխոստիկանապետի մոտ դիմում գրելուց հետո գործով նոր քննիչ է զբաղվում։ Նաիրան ինքն է խնդրել, որ հարցով Սևանի ոստիկանությունը չզբաղվի։
«Ես ուզում եմ, որ այս հարցն արդար լուծում ունենա, և պարզվի, թե ինչ վիճակ է Սևանի ոստիկանությունում և հիվանդանոցում, որոնք համագործակցում են»։

Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին
Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին