Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ փուլում է գտնվում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացը

327
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 10:05
Ի՞նչ փուլում է գտնվում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացը

Բնապահպանության նախարարի տեղակալը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները

Բնապահպանության նախարարն օրեր առաջ հայտարարել էր, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանում աստիճանաբար պետք է կրճատվի, այնուհետև արգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթների և տարաների օգտագործումը։
Այս նախաձեռնության շրջանակներում բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ։
Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնած այս գործընթացը։ «Մենք սկսել ենք մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարության երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է համապատասխան իրավական ակտերի մշակում։ Քննարկման փուլում են առևտրային օբյեկտներում պոլիէթիլենային փաթեթների համար նվազագույն վճար, հարկ կամ տուրք սահմանելու վերաբերյալ առաջարկություններն իրենց համապատասխան գնագոյացման հիմանվորումներով»,- նշել է Ի․Ղափլանյանը։
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել են թղթե տոպրակների, բազմակի օգտագործման բոնուս-կոդերով կտորե տոպրակների և այլընտրանքային այլ տարբերակների առաջարկներ։ Նախարարի տեղակալը հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ հրաժարվելու ավելորդ պլաստիկե ապրանքների օգտագործումից։ Գործընթացին զուգահեռ սկսվել է նաև իրազեկման բազմաճյուղ միջոցառումների իրականացումը՝ անիմացիոն և ոչ անիմացիոն սոցիալական գովազդների պատրաստում, իրազեկման դասընթացների և արշավների նախապատրաստական աշխատանքների ծավալում։