Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների 87 աշխատակիցներ պահանջել ու ստացել են 34 միլիոն 777 հազար դրամ կաշառք

459
Երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ., 21:50
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների 87 աշխատակիցներ պահանջել ու ստացել են 34 միլիոն 777 հազար դրամ կաշառք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցեցին մայրաքաղաքի և հանրապետության ութ մարզերի տարածքային ստորաբաժանումների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեց տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն:

Մասնավորապես,175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարները որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք, պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:

Բացի այս, բացահայտվել են գործակալությունների աշխատակիցների կողմից փաստաթղթերը կեղծելու եղանակով ցուցակներում ընդգրկված քաղաքացիների անվամբ ձևակերպված ընդհանուր ավելի քան 8 միլիոն դրամ յուրացնելու կամ վատնելու դեպքեր:

Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր, իսկ մի մասով արդեն հարուցված քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

Միջոցառումները շարունակվում են: