Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Էնպես չլինի, որ օրինապաշտ քաղաքացիները հիմարի դերում զգան իրենց». Հայկ Բաբուխանյանը՝ տուգանքների համաներման մասին

292
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 12:20
«Էնպես չլինի, որ օրինապաշտ քաղաքացիները հիմարի դերում զգան իրենց». Հայկ Բաբուխանյանը՝ տուգանքների համաներման մասին

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ-ն քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Քաղաքացիներին զիջվող գումարի չափը շուրջ 13,7 մլրդ դրամ է կազմում, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք:

Քիչ առաջ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը.

«Լավն է նախագիծը, բայց կիսատ, իսկ ցանկացած կիսատ բան կարող է դառնալ վատը: Էնպես չլինի, որ այն քաղաքացիները, ովքեր բարեխիղճ են ու օրինապաշտ, հիմարի դերում զգան իրենց: 150 հազարին ներում ենք, լավ ենք անում, բա էն մի միլիոնը, որ վճարել է տուգանքները, ինչո՞ւ պիտի հիմարացված վիճակում լինի: Առաջարկում եմ մտցնել վաուչերի գաղափար ու նրանք, ովքեր կներկայացնեն իրենց վճարումները, հենց տուգանք լինի, դրանից սկսի նվազել»,- ասաց պատգամավորն՝ անդրադառնալով նաև «կարմիր գծերի» թեմային. «Չեմ հասկանում՝ կարմիր գծերի տուգանքներն ինչո՞ւ չեն մտել համաներման մեջ... Էն օրը 15 րոպե կանգնել եմ, 16-ին վճարել, ասում են՝ 15-ի վերջին վայրկյանին պտի վճարեիր, ոչ թե 16-ի առաջին վայրկյանին, որովհետև պտի տուգանվես»,- ասաց Բաբուխանյանն՝ առաջարկելով լրացնել օրինագիծը: