Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սերգեյ Սմբատյանի եվրոպական համերգային շրջագայությունն ամփոփվեց Վիեննայի Մյուզիքվերեյնում

791
Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 23:45
Սերգեյ Սմբատյանի եվրոպական համերգային շրջագայությունն ամփոփվեց Վիեննայի Մյուզիքվերեյնում

Մայիսի 31-ին Վիեննայի Մյուզիքվերեյնում կայացած համերգով եզրափակվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը։
Դասական երաժշտության լավագույն բեմերից մեկում՝ Մյուզիքվերեյնում, բարձրաճաշակ հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց երաժիշտների ելույթը՝ վայելելով նաև նրանց մատուցած բազմաթիվ բիսերը։ Մալթայի ֆիլհարմոնիկի հետ հանդես եկան դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Ներկայացվեցին Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի, ինչպես նաև Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։
«Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում, ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, շատ տաղանդավոր մի կոլեկտիվ՝ իր առանձնահատուկ հնչողությամբ, երաժշտության ինքնատիպ ընկալմամբ։ Ես առավել քան երջանիկ եմ ղեկավարել եվրոպական համերգային այս շրջագայությունը, որը մեկնարկեց Վալետայից, շարունակվեց Գերմանիայի տարբեր բեմերում և եզրափակվեց Ավստրիայում։ Մենք ներկայացրինք հատուկ ծրագիր, որը շատ կարևոր էր ինձ համար։
Կատարեցինք մալթյան երաժշտություն, որը ժամանակակից կոմպոզիտորների տեսլականի մեկնաբանությունն է, և Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Մեծ հաճույք էր նաև նվագել մենակատարների հետ, լինել նրանց ու նվագախմբի հետ նույն բեմի վրա։ Այս համերգաշրջանի ընթացքում մենք ելույթ ունեցանք երաժիշտների համար ամենակարևոր դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարոմնիայում, Վիեննայի Մյուզիքվերեյնում և այլն, ինչը մեծ հաջողություն է։ Եվ այս համերգասրահների հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակցվել Մալթայի ֆիլհարմոնիկի ֆանտաստիկ հնչողությանը»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։

Մալթայի ֆիհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համերգային շրջագայությունը կայացել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Մյուզիքվերեյնի համերգն ուղիղ եթերում հեռարձակել է Medici.tv-ն՝ դասական երաժշտության լավագույն
հարթակներից մեկը։

Համերգի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ: