Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին». Փոստանջյան

333
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 00:10
«Պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին». Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։

ՀՀ կրթության և գիտության նախարար

Լևոն Մկրտչյանին

Հարգելի պարոն Մկրտչյան,

Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընթացող խաղաղ անհնազանդությամբ իրենց բողոքն ու ընդվզումն արտահայտող դասադուլների մասնակիցներին սպառնում են ուսումնական հաստատություններից հեռացմամբ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին կետի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի՝ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի.

«1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք):

Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մաuնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի։
Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում՝ հավաքին մասնակցելու նպատակով»:
Դիմում եմ Ձեզ, քանի որ արդեն իսկ առկա են ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից՝ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին իրենց ուսումնական հաստատություններից զանգվածային ազատման բազմաթիվ սպառնալիքներ:

Ուստի ելնելով վերոգրյալից պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին, ովքեր իրականացնում են Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց իրավունքները: