Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Այսօր հայ օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան օրն է

1171
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 16:45
Այսօր հայ օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան օրն է

Հայ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։

1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։ 1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։

Սևծովյան նավատորմ

Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ՝ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է Ил-2 գրոհիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից։

Լենինգրադի պաշտպանություն

1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը։ Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։ Լենինգրադի մատույցներում նա իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։

Ղրիմի օպերացիա

1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում «Թեոդոսիական») հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 Ил-2 ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։

Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա։

Բալթյան ռազմաճակատ

Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։

1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լեպահայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը։

Ն. Ստեփանյանը կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լեպահայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը ցավոք ավերվել է ազերիների կողմից։ Լեպահայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։

1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է ԽՍՀՄ կրկնակի հերոսի անունը։

Նելսոն Ստեփանյանի հուշատատախտակը Երևանի թիվ 71 դպրոցի պատին
Նելսոն Ստեփանյանի հուշատատախտակը Երևանի թիվ 71 դպրոցի պատին
Նելսոն Ստեփանյանի կիսանդրին Ստեփանակերտում
Նելսոն Ստեփանյանի կիսանդրին Ստեփանակերտում
Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը Երևանում
Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը Երևանում