Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հույս ունեմ Սամվել Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի բոլորիս կասկածները, որ գործ ունենք ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ». Ն. Փաշինյան

411
Ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ., 12:20
«Հույս ունեմ Սամվել Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի բոլորիս կասկածները, որ գործ ունենք ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ». Ն. Փաշինյան

«ՀՀ-ում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա, տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների մի հսկայական գնաճ: Կառավարությունը հրապարակում է 2,6 %, որը ծիծաղելի թիվ է: Դա առնվազն 21,9 % է՝ մեր անցկացրած ուսումնասիրությունների արդյունքով: Այս թանկացումը չէր բացառվում, որովհետև երկու ընտրություն էինք ունեցել իրար վրա, որոնք շատ ակտիվ ընտրակաշառքային ներգործությամբ էին աչքի ընկել՝ մեկը խորհրդարանական ընտրությունները, մյուսը՝ Երևանի քաղաքապետի, որից հետո էլ տեղի է ունեցել այսպես կոչված՝ ընտրակաշառքների հետհավաքման պրոցեսը, որը միշտ էլ տեղի է ունենում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Այս երևույթը մենք կարող ենք ցույց տալ ոչ միայն բենզինի, դիզվառելիքի պարագայում, այլև շաքարավազի: Եթե միջազգային շուկայում շաքարավազի գներն էժանացել են 39,4 %-ով, ապա Հայաստանում՝ 6,2 %-ով: Այսինքն՝ դուք կարող եք տեսնել, թե գնային ինչպիսի մարժա է տեղի ունեցել: Ես հույս ունեմ, որ այս խնդրի կապակցությամբ ՀՀԿ պատգամավոր պարոն Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի մեր բոլորի կասկածները, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք այսպես ասած՝ ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ առաջարկելով վերադառնալ մինչև հունվար եղած Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին:

Ուղիղ միացում Ազգային ժողովից