Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 13 հունիսի, 2026 թ.

«Եթե կայանա Փաշինյանի այցը Մոսկվա, այն կարող է նոր խաղի կանոններ մտցնել Երևան-Մոսկվա հարաբերություններում»․ Թաթուլ Հակոբյան

127
Այսօր, 17:54
«Եթե կայանա Փաշինյանի այցը Մոսկվա, այն կարող է նոր խաղի կանոններ մտցնել Երևան-Մոսկվա հարաբերություններում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Հայաստանում 1991 թվականից համապետական ընտրությունների պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս հետևյալ մի քանի եզրահանգումներն անելու Ռուսաստանի կեցվածքի հարցում:
Հիշեցնենք, որ Հայաստանում անկախությունից ի վեր անց են կացվել նախագահական վեց ընտրություններ՝ 1991, 1996, 1998 (արտահերթ), 2003, 2008 և 2013 թվականներին, որից հետո՝ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում, հանրապետությունը անցել է խորհրդարանական կառավարման:
Խորհրդարանական ընտրություններ անց են կացվել 1990 թվականին, երբ Հայաստանը դեռ խորհրդային էր և մաս էր կազմում ԽՍՀՄ-ին, ապա 1995, 1999, 2003, 2007, 2012, 2017, 2018 (արտահերթ), 2021 (արտահերթ) և 2026 թվականին:
Ինչպիսի՞ն է եղել Մոսկվայի կեցվածքը:
Առաջին. 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն առաջինն են, որոնք Ռուսաստանը դեռևս չի ճանաչել և տարբեր պաշտոնյաների շուրթերով խոսում է նախընտրական շրջանում և ընտրությունների օրը տեղ գտած ճնշումների և կեղծիքների մասին: Ընդ որում, Ռուսաստանը դա անում է ընտրողաբար և ակնհայտորեն կամ անուղղակի աջակցում այն երեք ուժերին, որոնք արդյունքներով հետևել են իշխող և պաշտոնապես հաղթած «Քաղաքացիական պայմանագրին»՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան»:
Երկրորդ. Ռուսաստանը չի շտապում շնորհավորել ՔՊ-ին և նրա ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թեև ընտրություններից արդեն անցել է գրեթե մեկ շաբաթ, իսկ այս ընթացքում բազմաթիվ պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, շտապել են շնորհավորական գիր ուղարկել Երևան:
Երրորդ. նախկին համապետական ընտրություններում՝ մինչև 2018 թվականը, Ռուսաստանը դեմոնստրատիվ կերպով աջակցել է իշխանության ուժին, մինչդեռ 2026թ հունիսի 7-ի ընտրություններից առաջ և հետո դեմոնստրատիվ կերպով աջակցում է ընդդիմությանը:
Չորրորդ. նախկին որևէ ընտրություններում, անգամ 2018-ին և 2021-ին, Ռուսաստանը այս ծավալով չէր անդրադառնում Հայաստանին և չէր անդրադառնում նման բացասական, քննադատական տոնով և չէր օգտագործում նման ծավալի ապատեղեկատվություն:
Հինգերորդ. առաջին անգամ Մոսկվան Երևանից խորհրդակցությունների համար կանչում է իր դեսպանին, ով արդեն վերադարձել է Հայաստան:
Ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի հետագա քայլերը՝ կախում ունի նրանից, թե Հայաստանը ինչպես կշարունակի համագործակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Փշիանյանի այցը Մոսկվա, եթե այն կայանա (Պուտինը Երևան չի այցելում արդեն 4 տարի, և այն բանից հետո, երբ Հայաստանը միացավ Միջազգային քրեական դատարանին, մի քայլ, որը քննադատվեց Մոսկվայում), կարող է որոշակի պարզություն և նոր խաղի կանոններ մտցնել Երևան-Մոսկվա հարաբերություններում:
2013 թվականի սեպտեմբերյան կրկնությունը դժվար թե լինի, երբ երեքուկես տարի բանակցելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի պարտադրանքով հրաժարվեց ԵՄ Ասոցացման գործընթացից և Հայաստանը տարավ ԵԱՏՄ:
Ռուս պաշտոնյաները անդադար հիշեցնում են.
ա/ 2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Եվրոմիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծ,
բ/ Հայաստանը պետք է հնարավորին արագ կողմնորոշվի՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ:
Հայաստանի դիրքորոշումից է կախված նաև՝ արդյոք Ռուսաստանը շարունակելու է՞ տնտեսական սանկցիակներն ու պատժամիջոցները հայ արտադրողների և արտադրատեսակների նկատմամբ:
Թ. Հ.
13-ը հունիսի, 2026թ, Դովեղ»

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան