Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.

«Հուսանք՝ 2026-ին Հայաստանը տարածքներ չի կորցնի ու կլինի խաղաղություն»․ Թաթուլ Հակոբյան

79
Այսօր, 16:12
«Հուսանք՝ 2026-ին Հայաստանը տարածքներ չի կորցնի ու կլինի խաղաղություն»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս օրերին իմ արխիվից հանեցի և ընթերցեցի Հայաստանի ղեկավարների և Ամենայն Հայոց կաթողիկոսների Ամանորի ուղերձները, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի վերջին տեքստերը:
Իմ ընկերներին և հետևողներին, ովքեր պատմաբան են կամ պատմության ուսումնասիրողներ, խորհուրդ եմ տալիս դրանք կարդալ ամբողջության մեջ, որովհետև այդ տեքստերը, լինելով սուբյեկտիվ և գլուխ գովան, այդու արտացոլում եմ ժամանակաշրջանի հաջողությունները, բացթողումներն ու ձախողումները:
Անգամ ընտրված բառերն են ուշագրավ և այդ բառերի օգտագործման քանակները:
Մի օրինակ միայն բերեմ գործող վարչապետի՝ 2018 և 2025 թվականների Ամանորի ուղերձներից:
2025 թվականի Ամանորի ուղերձից մի կտոր.
"... 2025 թվականի մարտին հայտարարեցի Ղարաբաղյան շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Այստեղ առանցքայինն այն է, որ թե այս, թե 2022 թվականի հոկտեմբերի 6–ի Պրահայի հայտարարությունը չեմ արել որպես զիջում, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ այդ հայտարարություններին գնացել եմ որպես Հայաստանի Հանրապետության գիտակցված եւ իրական շահերից բխող կենսական անհրաժեշտություն։
«Ղարաբաղը մերն էր, հիմա այլևս մերը չի» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի գիտակցության արտահայտություն է, մինչդեռ պետության եւ քաղաքացու գիտակցությունն ասում է՝ «Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է»։
2018 թվականի Ամանորի ուղերձից մի կտոր.
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն»:
Ի դեպ, եթե 2018-ի ուղերձում պարոն Փաշինյանը չի օգտագործել Թուրքիա և Ադրբեջան բառերը, ապա 2025-ի ուղերձում օգտագործել է ավելի քան 10 անգամ, ինչը ցուցիչն է այն բանի, որ ութ տարի առաջ ՀՀ վարչապետը այլ անվտանգություն էր տեսնում, այսօր տեսնում է բոլորովին այլ անվտանգություն:
Հուսանք, 2026 թվականը կլինի նորմալ տարի, և Հայաստանը տարածքներ չի կորցնի ու կլինի խաղաղություն»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան