Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«Գյումրիում կատարվողը չի խոսում այն մասին, որ կարիքի դեպքում իշխանությունը չի դիմելու ընտրակեղծիքների»․ Թաթուլ Հակոբյան

146
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 10:24
«Գյումրիում կատարվողը չի խոսում այն մասին, որ կարիքի դեպքում իշխանությունը չի դիմելու ընտրակեղծիքների»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը իր քայլարշավը 2018 թվականի մարտի վերջին օրերին սկսել է Գյումրիից:
Ենթադրում եմ, որ իշխող ուժի համար Գյումրիի ընտրությունները նաև դրանով են կարևոր՝ սիմվոլիկայի իմաստով: Գյումրիում պարտությունը կարող է լինել հոգեբանական պարտություն:
ՔՊ-ն, մեծ հաշվով, չի հաղթել նաև Երևանում կամ այն ձևով, որ այսօր իշխանության է մայրաքաղաքում, նման չէր հաղթանակի:
2018-ի ընտրություններում Փաշինյանի հաղթանակը կասկածի տակ չենք կարող դնել: Ընդհանրապես, երբ երկրում հեղափոխություն է իրականացվում, միակ մարդը, ով գալիս է իշխանութնան, դա հենց հեղափոխություն իրականացնողն է:
Այնպես որ, Սերժի պնդումը և բացատրությունը, որ ինքը իշխանությունը հանձնել է Գազպրոմի Կարենին, զավեշտալի է: 2018-ի գարնանը Սերժը Հայաստանում այլևս իշխանություն չուներ, հետևաբար, այն չէր կարող փոխանցել որևէ մեկին:
Արցախում կրած աղետալի պարտությունից հետո անգամ Փաշինյանը հաղթել է 2021-ի ընտրություններում: Այդ մասին վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց:
Ես մտածել եմ, որ Փաշինյանն ու թիմը ընտրակեղծարարության չեն դիմել, քանի որ դրա կարիքը չեն ունեցել:
Արդյոք նրանք կդիմե՞ն ընտրակեղծարարության Գյումրիում և մեկ տարի անց Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում:
Ժամանակը ցույց կտա, բայց Գյումրիում վերջին օրերին կատարվողը չի խոսում այն մասին, որ կարիքի դեպքում այս իշխանությունները չեն դիմելու ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի և ընտրությունները կեղծելու բոլոր այն միջոցներին, որին դիմել են Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները և կառավարությունները:
Գյումրին լինելու է լակմուսի թուղթը:
Տեղեկատվությունը և շփումների լայնությունը, որ ունեմ Գյումրիում, բացարձակապես չեն խոսում այն մասին, որ իշխող ուժը հաջողության է հասնելու երկրորդ քաղաքում»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան