Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

Աղազարյանը դիմել է դատախազին, ԱԱԾ տնօրենին. «Հրապարակ»

184
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ., 09:12
Աղազարյանը դիմել է դատախազին, ԱԱԾ տնօրենին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հովիկ Աղազարյանի փաստաբանը երեկ դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: «Խնդրել եմ պաշտպանիս՝ դիմել Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի՝ պարզաբանելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան»,- ասաց Աղազարյանը։
Հիշեցնենք, որ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարության հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում Աղազարյանն անցնում է որպես վկա, և շաբաթներ առաջ նրա հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, հետո դրա պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին, որը ՔՊ նիստում հրապարակել է դրանք, ապա տպել և հանձնել ՔՊ խմբակցությանը՝ կարդալու։

Դատախազություն դիմելուց առաջ պատգամավորի փաստաբանը գրություններ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանին, պարզաբանում պահանջել՝ երբ, ինչու և ում է տրամադրվել հեռախոսը, ինչու է խախտվել Քրդատօրենսգիրքը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված մասնավոր և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու և ինչպես են տրամադրվել այլ անձի: Դիմել է նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեից ԱԱԾ-ն քննչական հանձնարարություն է ստացել՝ պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության ենթարկելու մասին, եթե այո՝ իրեն տրամադրել այդ փաստաթուղթը:

Ինչպես նաև՝ թե խուզարկության արդյունքում արդյո՞ք ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիքներ, եթե այո՝ ինչ գործողություններ են արվել, միջնորդությամբ դիմե՞լ են գլխավոր դատախազին՝ վարույթ նախաձեռնելու համար, եթե՝ ոչ, ինչու։ Սակայն 2 կառույցից էլ պատասխան չեն ստացել և դիմել են Գլխավոր դատախազություն»: