«Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ»․ Սասուն Միքայելյան
153
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ., 12:36
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել. «Սիրելի՛ երկրապահներ, կամավորականներ, ազատամարտիկներ, զինակից ընկերներ, հերոսածին մայրեր, քույրեր։ Շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։ Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ: Տոնդ շնորհավո՛ր, Վազգեն Սարգսյան: Նախորդ դարավերջին հայ ժողովուրդը համախմբվեց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և մենք ազգովի կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորվեց Երկրապահ կամավորականների միություն այս հզոր կառույցը, որը դարձավ մեր բանակի հիմքը։ Երկրապահն ի սկզբանե եղել է մեր պետության և բանակի կողքին։ Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին: Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել բազում փորձություններ. Սիրելի՛ պատանի երկրապահներ, դուք եք մեր ապագան կերտողները և ես հավատում եմ, որ մեր արժանի հետնորդները կդառնաք: Երկրապահի օրվա և մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին: Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է: Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ զինվոր: Սիրելի՛ հայրենակիցներ, պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարևոր է մեր միասնությունը, համախմբվածությունը: Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ: Սիրելի՛ հայրենակիցներ, միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով և արհավիրքներով անցնող մեր հայրենիքը: Հավերժ փա՛ռք Անկախության համար նահատակված քաջերին, Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին, Փա՛ռք մեր հայրենիքին, Աստված պահապան մեր ազգին»: