«Չդիմանալով համակարգում տիրող անառողջ մթնոլորտին՝ ազատման դիմում է գրել Արտավազդ Վանյանը»․ Անուշ Պողոսյան
2384
Կիրակի, 24 դեկտեմբերի, 2023 թ., 10:06
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի գրառումը․ «Առողջապահության նախարարությունում կադրային ջարդը շարունակվում է։ Վերջերս, չդիմանալով համակարգում տիրող անառողջ, ոչ պրոֆեսիոնալ մթնոլորտին, ազատման դիմում է գրել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բազմափորձ ու երկարամյա տնօրեն Արտավազդ Վանյանը։ Ըստ նախարարության մեր հավաստի աղբյուրների պարզվում է, որ Ավանեսյանը պաշտոնյաների երկար «սև ցուցակ» է կազմել և այն նման է Դանայան տակառին, վերջը չի երևում։ Հիմա էլ որոշել է զտումներ անել նախարարության ներսում, սույն տիկնոջ կարծիքով երբեմնի «հնազանդները» հիմա դարձել են «կասկածելի» և նա որոշել է իր«սև ցուցակում» զետեղվածներին փոխարինել ավելի «լոյալ» մարդկանցով՝ գործից անտեղյակ, «ցավին» անտարբեր: Մասնավորապես՝ Ավանեսյանը ըստ մեր տեղեկությունների թիրախավորել է նախարարության երկու պաշտոնյանների՝ տեղակալ Արմեն Նազարյանին և գլխավոր քարտուղար Վարդանուշին։ Ավանեսյանի կարծիքով վերջիններս լիարժեք չեն ենթարկվում իրեն և միտումնավոր այնպիսի գործողություններ են անում, որի արդյունքում վարկաբեկվում է անձամբ ինքը և վնասվում է նախարարության վարկանիշը։ Բուժծառայության գնդապետ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Նազարյանը երկար տարիներ ծառայել է Պաշտպանության նախարարությունում՝ հասնելով մինչև ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի և առողջապահության վարչության պետի պաշտոնի։ Մեր աղբյուրները պնդում են, որ Արմեն Նազարյանին Ավանեսյանը դիտարկում է որպես հակառակորդ՝ հաջորդ նախարարի հավանական թեկնածու և այդ իրականությունից հեռու չէ: Նա կազմակերպված, ճանապարհ անցած, մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպվող պատշաճ վարքագծով պաշտոնյա է: Իսկ Վարդանուշը նախարարության հնաբնակներից է, պաշտոնյա, ում «արևը շողացել է» Ավանեսյանի շնորհիվ, սակայն հիմա բանից պարզվում է «մթնել են» Վարդանուշի արշալուսյները: Ինչպե՞ս գուշակեր Վարդանուշը, որ իր սրտի նախարարը մի օր իրեն կվերագրեր բազմաթիվ անհաջողություններ և որ ինքը «սպիտակից» կվերափոխվեր «սևի», չնայած հանուն արդարության պետք է փաստել, որ նա ամենուրեք յուրային է և բոլորի հետ պահպանում է լավ հարաբերություններ՝ այսպես ասած, թե «նախկինների», թե «ներկաների»։ Նախարարության մեր աղբյուրները պնդում են նաև, որ Ավանեսյանի մոտ հստակ համոզմունք է ձևավորվել, որ Նազարյանով և Վարդանուշով է պայմանավորված վերջին շրջանում նախարարությունից ինֆորմացիայի չդադարող արտահոսքը դեպի մամուլ։ Սակայն այս դեռ ամենը չէ, Ավանեսյանի համար անցանկալի են դառնում նաև նախարարության ենթակայությամբ գործող համարյա բոլոր կառույցների տնօրենները։ Լարված հարաբերությունների հիմնական պատճառը նախարարի և նրա մերձավորներից մեկի՝ իր ընտանիքին պատկանող Արֆարմացիայի և Ուիգմորների նախկին ֆինանսիստ, պետական առողջապահական գործակալության ներկայիս ղեկավար Ահարոն Բարսեղյանի որդեգրած գործելաոճի և պահվածքի նկատմամբ որոշ տնօրենների քննադատական վերաբերմունքն է: Դե տիկին նախարարը չի հանդուրժի իր «անձնական ֆինանսիստի» նկատմամաբ որևէ քննադատություն, սույն տիկինը պատժել գիտի: Առողջապահական համակարգը տապալած իրավաբան-նախարարը ամեն ինչ անում է իրեն «ապահովագրելու», հնարավոր մրցակիցներից ազատվելու ու կամակատարներով իրեն շրջապատելու համար։ Տպավորություն է ստեղծվում, որ նախարար Ավանեսյանը, քայլ առ քայլ ազատվելով պրոֆեսիոնալ և սկզբունքային կադրերից, «բարեփոխումներ» անվան տակ որոշել է ողջ առողջապահական համակարգը մոնոպոլիզացնել, իսկ բուն նախարարությունը դարձնել իր ընտանիքին պատկանող Արֆարմացիայի և Ուիգմորի դուստր-ձեռնարկություն կամ մասնաճյուղ։ Հ.Գ. Մնում է հասկանալ, առողջապահական համակարգը ի՞նչքան կդիմանա այս ավերիչ, քայքայիչ գործունեությանը, մինչև ե՞րբ են առողջապահական ոլորտի անհաջողությունները փաթեթավորվելու «հաջողության» արհեստածին ժապավեններով և մատուցվելու հասարակությանը, մինչև ե՞րբ է առողջապահական հանրությունը լուռ դիտորդի կարգավիճակում հանդուրժելու տարինեով իրենց ստեղծած համակարգի մոխրացումը»։