Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Պորտալարը վզին փաթաթված նորածնի կյանքը չի հաջողվել փրկել. հիվանդանոցի մեկնաբանությունը

388
Չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2023 թ., 23:54
Պորտալարը վզին փաթաթված նորածնի կյանքը չի հաջողվել փրկել. հիվանդանոցի մեկնաբանությունը

Ինչպես տեղեկացրել ենք, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում երկու օր առաջ նորածնի մահ է արձանագրվել․ Աիդա Գրիգորյանի առաջնեկը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Ծնողները մեղադրում են բժիշկին։ Հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ նա ծննդաբերությունը սխալ է վարել։ Ասում է՝ կինը հղիության ընթացքում պարբերաբար խորհրդատվության է գնացել, և միայն մեկ անգամ ասվել է, որ պորտալարը փաթաթված է պտղի վզին, որը, սակայն, լուրջ խնդիր չի համարվել։ Աշոտ Հովհաննիսյանը պատմում է, որ բժիշկն ամբողջ ընթացքում հարազատներին ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ծննդաբերությունն ընթանում է բնականոն հունով։ Ըստ նրա՝ չնայած կինը միշտ նշել է, որ ցանկանում է կեսարյան վիրահատությամբ լույս աշխարհ բերել երեխային, բժիշկը նման անհրաժեշտություն չի տեսել։ Նկարահանման պահին ծննդաբերությունը վարող բժիշկը տեղում չի եղել։ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Բերսաբե Դարմանյանը, որը ներկա է եղել ծննդաբերությանը, ասել է՝ ծննդաբերական գործունեության առաջին շրջանն ընթացել է հարթ, երկրորդ շրջանում արդեն պտղի ներարգանդային սրտի զարկերի խիստ դանդաղում է արձանագրվել։ Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով՝ առկա է եղել բացարձակ կարճ պորտալար՝ պտղի պարանոցի շուրջ մեկ անգամ փաթաթված։

Աշոտ Հովհաննսիյանն իր առաջնեկի մահվան դեպքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ֆակտոր»-ին փոխանցել է, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ «Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»։ Պտղի մահվան պատճառները, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից հնարավոր մասնագիտական սխալ թույլ տալու հանգամանքները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։