Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Մոսկվայում տապալվել են Լիբիայի շուրջ բանակցությունները․ #AlArabia

1498
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 12:00
Մոսկվայում տապալվել են Լիբիայի շուրջ բանակցությունները․ #AlArabia

Մոսկվայում ընթացող Լիբիայի հակամարտող երկու կողմերի միջև բանակցությունները տապալվել են։ Բանակցություններին մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա էին ժամանել ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և երկրի երկրորդ քաղաքի՝ Բենգազիում տեղակայված «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը, հայտնում է Al-Arabia՝ վկայակոչելով Լիբիայի Գերագույն խորհրդի ղեկավար Խալեդ ալ-Միշրիին: Հաղորդվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաք այցի ընթացքում Սարաջը հրաժարվել է հանդիպել Հաֆթարի հետ:

«Մենք մերժեցինք Հաֆթարի հետ ցանկացած հանդիպում և որևէ պարագայում նրա հետ նույն սեղանի շուրջ չենք նստելու: Մոսկվայում բանակցությունները շարունակվում են թուրք և ռուս ընկերների հետ»,- հայտարարել է ալ-Միշրին:

«Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը, ով լքեց Մոսկվան՝ առանց զինադադարի փաստաթուղթը ստորագրելու, հայտարարել է, որ առաջարկված տարբերակն անտեսում է «Լիբիական ազգային բանակի» մի շարք պահանջներ:
Նշվում է նաև, որ Հաֆթարի ուժերը հրաժարվել են լքել Տրիպոլին:

Հունվարի 19-ին Բեռլինում կկայանա Լիբիայի հարցով հերթական հանդիպումը։