Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Շենգենը՝ սպառնալիքի տակ. եվրոպական երկրների առաջնորդները քննարկում են ներգաղթի հարցը

4301
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 13:25
Շենգենը՝ սպառնալիքի տակ. եվրոպական երկրների առաջնորդները քննարկում են ներգաղթի հարցը

Իտալիայի նոր կառավարությունն առաջարկել է հրաժարվել Դուբլինյան համաձայնագրից, որը կարգավորում է Եվրոպայում փախստականների ընդունումը, հաղորդում է Guardian-ը:

Իտալիայի կառավարության նոր ղեկավար Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ եթե չլուծվի ներգաղթյալների և փախստականների հարցը, ապա Շենգենյան գոտին կարող է սպառնալիքի տակ հայտնվել:

Ներգաղթի ճգնաժամի հարցը ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկել են Եվրոպական միության 16 երկրների առաջնորդներ՝ հունիսի 28-29-ը ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին:

Իտալիան հիմնական երկիրն է, որի միջոցով Եվրոպա են ներթափանցում Հյուսիսային Աֆրիկայից փախստականները, և վերջին ընտրությունների ժամանակ Իտալիայի իշխանությունները խոստացել էին կոշտ դիրքորոշում զբաղեցնել այդ հարցում:

Ջուզեպե Կոնտեն կիրակի օրը ԵՄ երկրների առաջնորդներին կոչ է արել համատեղ լուծել ներգաղթի հարցը, ինչպես նաև պատժել այն երկրներին, որոնք հրաժարվում են ընդունել ներգաղթյալներին և փախստականներին:

Կոնտեն փաստաթուղթ է ներկայացրել, որով առաջարկել է ԵՄ այլ երկրներում ներգաղթյալների պաշտպանության կենտրոններ ստեղծել՝ այդպիսով օգնելով Իտալիային, որտեղ վերջին 4 տարվա ընթացքում 600 հազարից ավելի ներգաղթյալ է ժամանել:

2018թ. Իտալիա է ժամանել 14,330 ներգաղթյալ, 11,763՝ Հունաստան և 9,315՝ Իսպանիա: