Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Գանձասար-Կապան»-ը ֆուտբոլիստի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների սպառնալիքի հայտարարության շուրջ պարզաբանում է տարածել

174
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 17:55
«Գանձասար-Կապան»-ը ֆուտբոլիստի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների սպառնալիքի հայտարարության շուրջ պարզաբանում է տարածել

Սեպտեմբերի 19-ին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ֆինանսական տնօրեն Գառնիկ Աղաբաբյանն իր մոտ է հրավիրել թիմի ֆուտբոլիստ Ալեքսանդր Սվերչինսկիին և, ըստ ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների, հոգեբանական ճնշում է գործադրել ֆուտբոլիստի նկատմամբ, հայհոյել և սպառնացել սեռական բնույթի գործողություններ կատարել։ Ակումբի մամուլի քարտուղարությունը պարզաբանում է տարածել.

«Ս․թ-ի սեպտեմբերի 24-ին մի շարք լրատվական կայքերում տեղ է գտել «Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ» վերտառությամբ նյութը, որում առկա են մի շարք անճշտություններ, որոնք կարող են թյուրըմբռնում առաջացնել ընթերողների շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հարկ ենք համարում ներկայացնել իրողությունը։

Բելառուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Սվերչինսկին խախտելով իր իսկ պայմանագրի դրույթները կատարել է կարգապահական մի շարք կոպիտ խախտումներ, որոնք բացասական կերպով ազդել են ինչպես «Գանձասար-Կապանի» մրցելույթների, այնպես էլ թիմի ներքին մթնոլորտի վրա։

Նախ նշենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի «Լոռի» - «Գանձասար-Կապան» հանդիպման ժամանակ, թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին կասկած է հարուցել Ալեքսանդր Սվերչինսկուն սթափ վիճակը, որի համար էլ վերջինս փոխարինվել է հանդիպման 19-րդ րոպեին։

Իսկ նույն օրը՝ սեպտեմբերի 15-ին գիշերը ժամը 04։00-ի սահմաններում Ալեքսանդր Սվերչինսկին ոչ սթափ վիճակում խնջույք է կազմակերպել, բարձր աղմկել, դրանով իսկ խախտելով իր պայմանագրի մի շարք կարգապահական կանոններ։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի կողմից լեգեոներներիի համար վարձակալված տան հարևանությամբ, բնակվողները, ում անդորրը նույնպես խախտվել է բարձր աղմուկի պատճառով ստիպված են եղել դիմել ակումբի պետ Գարիկ Կարապողոսյանին՝ ֆուտբոլիստներին կարգի բերելով պահանջով։

Գարիկ Կարապողոսյանը ժամանելով դեպքի վայր, հայտնաբերել է թիմի ֆուտբոլիստներ Ա․ Սվերչինսկուն և Վ․Տոմիչին անսթափ վիճակում, փորձել է կարգի հրավիրել նրանց, որը նրան հաջողվել է միայն որոշ ժամանակ անց։
Առավոտյան Գարիկ Կարապողոսյանը միջադեպի մասին զեկուցել է ակումբի ղեկավարությունը։ Հրավիրվել է ժողով, որի ընթացքում ակումբի ղեկավարությունը դժգոհություն է հայնտել Ալ․ Սվերչինսկուն և Վ․Տոմիչին ոչ պրոֆեսիոնալ վարքագծի համար։

Ժողովի ընթացքում երկու ֆուտբոլիստներն էլ ընդունել են իրենց մեղավորությունը։ Որոշում է կայացվել խզել պայմանագրերը նշված ֆուտբոլիստների հետ, կայացված որոշումը չի բողոքարկվել ֆուտբոլիստների կողմից։ Սեպտեմբերի 17-ին Վուկաշին Տոմիչը համաձայն բանավոր պայմանավորվածության ստորագրել է պայմանագրի խզման համաձայնագիրը, սակայն Ալ․ Սվերչինսկին ի հակառակ ձեռք բերված պայմանավորվածության հրաժարվել է ստորագրել պայմանագրի դադարեցման փաստաթուղթը, առաջ քաշելով սուտ վարկածներ կատարվածի մասին և հերքելով իր մեղքը։

Ֆուտբոլիստի նման վարքագիծը, բնական է, առաջացրել է ակումբի ղեկավարության զայրույթը, հանգել է տհաճ զրույցի ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև։

Զրույցից հետո Ալ․ Սվերչինսկին դիմել է ոստիկանություն, անհիմն, փուչ, ծիծաղելի մեղադրանքներով։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը դատապարտում է նմանատիպ վարքագիծը, որն անխոս ստվեր է գցում ակումբի հեղինակության վրա։

Կոչ ենք անում Ալեքսանդր Սվերչինսկուն դադարեցնել անազնիվ գործելաոճը, որը պատիվ չի բերում առաջին հերթին հենց իրեն»,- նշված է պարզաբանման մեջ։