Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ.

«Թրամփը փորձում է խաթարել ընտրությունների նկատմամբ վստահությունը»․ Ադամ Շիֆ

87
Այսօր, 18:24
«Թրամփը փորձում է խաթարել ընտրությունների նկատմամբ վստահությունը»․ Ադամ Շիֆ

ԱՄՆ քոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկացիներին ուղղված ելույթին։ «Այսօր նույն այս նախագահը, որը ժամանակին ճնշում էր գործադրում Ջորջիայի հանրապետական պետքարտուղարի վրա՝ պահանջելով գտնել 11 780 քվե, որոնք գոյություն չունեին, որպեսզի 2020 թվականին այդ նահանգում կարողանար առաջ անցնել Բայդենին, մեր ընտրությունների՝ անցյալի և ներկայի վերաբերյալ ստերի մի ամբողջ նոր շարք ներկայացրեց։ Թրամփը գիտի, որ չի կարողացել կատարել իր նախընտրական խոստումներից ոչ մեկը. բարձրացրել է ամերիկյան ընտանիքների ծախսերը՝ դրանք նվազեցնելու փոխարեն, և մեզ ներքաշել է Մերձավոր Արևելքում ևս մեկ պատերազմի մեջ, որը ոչ ոք չէր ցանկանում։ Վախենալով, որ ընտրողները միջանկյալ ընտրություններում կարող են հեռացնել իր կուսակցությանը, նա կրկին դիմում է հին ստերին և տարածում նորերը։ Նրա բոլոր պնդումներին և ցանկացած փաստաթղթի ընտրովի հրապարակմանը պետք է վերաբերվել մեծագույն կասկածամտությամբ՝ հաշվի առնելով նախագահի բազմաթիվ ստերն ու մեր ընտրությունները սխալ ներկայացնելը։ Այդուհանդերձ, այս երեկո նա որևէ ապացույց չներկայացրեց, որ Չինաստանը կամ որևէ այլ երկիր միջամտել է ԱՄՆ-ի քվեարկության որևէ համակարգի աշխատանքին կամ փոխել է թեկուզ մեկ ձայն։ Նա պարզապես փորձում է խաթարել մեր ընտրությունների նկատմամբ վստահությունը, որպեսզի ընտրողների տվյալները վերահսկողության տակ վերցնի՝ դրանք պաշտպանելու պատրվակով, և խափանի այն ընտրությունները, որոնցում, իր համոզմամբ, իր կուսակցությունը պարտվում է։ Նրա մոտ ոչինչ չի ստացվի։ Իրականությունն այն է, որ օտարերկրյա կառավարություններն իսկապես փորձում են ազդել մեր ընտրությունների վրա․ ավելին՝ նախկինում Թրամփը խրախուսել է Ռուսաստանին հենց դա անել։ Նա նաև բազմիցս անտեսել և մերժել է ընտրություններին օտարերկրյա միջամտության վերաբերյալ նախկինում ստացված հավաստի հետախուզական տվյալները, քանի որ դրանք չեն համապատասխանել իր քաղաքական օրակարգին։ Սակայն երբ խոսքը վերաբերում է իրական սպառնալիքների բացահայտմանը և մեր ընտրությունների պատասխանատուներին դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ միջոցներով ապահովելուն, Թրամփի գործողություններն ավելի բարձր են խոսում, քան նրա այսօրվա խոսքերը:

Թրամփի ղեկավարության օրոք կրճատվել է օտարերկրյա չարամիտ ազդեցության դեմ պայքարին հատկացված ռեսուրսները: Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության ֆինանսավորումը և տեղական ընտրությունների անվտանգության դրամաշնորհները կրճատվել են Թրամփի վարչակազմի օրոք: ՀԴԲ-ի և այլ դաշնային փորձառու գործակալները հեռացվել են աշխատանքից: Եվ Թրամփն՝ ինքը նախկինում այս սպառնալիքները համարել է խաբեություն՝ խախտելով մեր հետախուզական համայնքի ծանր աշխատանքը լուրջ ընդունելու երկկուսակցական ավանդույթը: Այն, ինչ նախագահը ներկայացրեց այսօր, ամերիկացի ժողովրդի հետ անկեղծ խոսակցություն չէր։ Դա վախ սերմանելու և նոյեմբերին կայանալիք հաջորդ ընտրություններից առաջ իրականությունը մթագնելու հերթական փորձն էր, ինչպես նաև պատրվակ ստեղծել՝ ընտրողների տվյալները յուրացնելու, ընտրությունների արդյունքները վարկաբեկելու և դրանց միջամտելու համար։ Արդեն իսկ պետք է ակնհայտ լինի, որ Թրամփը մտադիր է կրկնել 2020 թվականի իր մարտավարությունը և փորձել չընդունել ցանկացած արդյունք, որն իրեն դուր չի գա։ Եվ այսօրը նրա կողմից ընդամենը հերթական փորձն էր՝ խուսափելու պատասխանատվությունից և նոյեմբերյան պարտությունից»,- գրել է նա։

Նշենք, որ Թրամփն իր ելույթում հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ ընտրական համակարգի համար։

Աղբյուրը`   Ադամ Շիֆ