Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.

«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան

79
Այսօր, 03:06
«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս զրկված է իր հոգևոր ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, իսկ հոգևոր ծառայության նշանակվում են աշխատավարձ նախատեսող պետական մարմինների հետ պայմանագիր կնքած այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին: Գործող հոգևորականների հետ տևական ժամանակ տարված «աշխատանքը», այդ թվում՝ բարձր աշխատավարձի գայթակղությամբ, արդյունք չտվեց, ինչը պետք է հասկանալի լիներ ի սկզբանե:
Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածին. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ՝ քննչական մեկուսարաններում»: Ի դեպ, այս օրենքում չխախտված հոդված արդեն չի մնացել, սկսած՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ենթաօրենսդրական ակտերով հանելուց: Բնորոշն այն է, որ նախապատվությունը տրվում է ոչ թե «գործող» օրենքը փոխելուն, այլ պարզապես այն չնկատելուն:
Նույն կերպ, Ներման հանձնաժողովում վերջին օրերին կատարված փոփոխությունների արդյունքում չի կարող Հայ Եկեղեցու ներկայացուցիչ համարվել առանց Հայ Եկեղեցու համաձայնության նշանակված անձը:
Այսպիսով, Բագրատ Սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից...»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան