Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
243
Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ., 09:00
Ազատ շաքարների չափից շատ օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշի և ճարպակալման, մեծացնելով դրա հետ կապված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը: Որո՞նք են ազատ շաքարները ● Արտադրողների, խոհարարների կամ սպառողների կողմից սննդամթերքներին և ըմպելիքներին ավելացված շաքարներ: ● Մեղրում, օշարակներում, մրգահյութերում և մրգահյութի խտանյութերում առկա բնական շաքարներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ✔ Շաքարները տալիս են էներգիա (1 գ = 4 կկալ), սակայն համարվում են ոչ անհրաժեշտ սննդանյութեր ✔ 2 տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ է տրվում խուսափել շաքար պարունակող սննդամթերք և ըմպելիքներ տրամադրելուց: ✔ 2 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաները, դեռահասները և մեծահասակները պետք է սահմանափակեն ազատ շաքարների օգտագործումը՝ օրական էներգիայի ընդունման 10%-ից պակաս (50 գրամ կամ շուրջ12 թեյի գդալ՝ օրական շուրջ 2000 կկալ օգտագործող և նորմալ մարմնի քաշ ունեցող անձի համար)։ Այսօր օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում, որոնք սովորաբար չեն ընկալվում որպես քաղցրավենիք։ Օրինակ՝ կետչուպի 1 ճաշի գդալը պարունակում է մոտ 4 գրամ (մոտ 1 թեյի գդալ) ազատ շաքարներ։ Շաքարով քաղցրացված գազավորված ըմպելիքի մեկ շիշը կարող է պարունակել 40 և ավելի գրամ (գրեթե 10 թեյի գդալ) ազատ շաքարներ։ Ինչպե՞ս նվազեցնել շաքարի օգտագործումը ● Սահմանափակեք բարձր շաքար պարունակող սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումը (օրինակ՝ քաղցրացված ըմպելիքներ, քաղցրավենիք): ● Քաղցր նախուտեստները փոխարինեք թարմ մրգերով և հում բանջարեղենով: Հայաստանում նկատվում է, որ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվությունը տարիքին զուգընթաց նվազում է, միաժամանակ աճում է քաղցրավենիքի օգտագործումը, իսկ ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ տարածված խնդիր։