«Իրանում տեղի ունեցողը չի կարող «արտաքին» լինել Հայաստանի համար». Դավիթ Անանյան
74
Այսօր, 09:36
ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ՝ փետրվարի 28-ի առավոտյան, մեր տարածաշրջանը մտավ նոր՝ վտանգավոր փուլ։ Սկսվեց այն, ինչ երկար ժամանակ կանխատեսվում էր, բայց որի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ դժվար է գնահատել: ԱՄՆ–Իսրայել հարվածները Իրանի ուղղությամբ փաստացի բացեցին լայնածավալ ապակայունացման դուռը։ Տարածաշրջանը եռում է։ Ոչ թե փոխաբերական, այլ բառի ամենաուղիղ իմաստով։ Եվ այս ֆոնին նայում ես Հայաստանի իշխանությունների հրապարակած լուսանկարներին ու, անկեղծ ասած, մի պահ կարկամում ես։ Մինչ աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է մեր անմիջական հարևանություն, մինչ մեծ խաղացողները վերաձևում են աշխարհը, Հայաստանի իշխանությունները զբաղված են նախընտրական «էքսկուրսիաներով»՝ ավտոբուսներով, ժպիտներով, պերաշկի ծամելով և իրականությունից կտրված տեսարաններով։ Այստեղ խնդիրը նույնիսկ քաղաքական հակադրությունը չէ։ Խնդիրը՝ ադեկվատության բացակայությունն է։ Երբ տարածաշրջանում հրդեհ է բռնկվում, պետության ղեկավարը պարտավոր է լինել ոչ թե քարոզարշավի ռեժիմում, այլ՝ ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Պարտավոր է հաշվարկել ռիսկերը, հասկանալ հաջորդ քայլերը, ապահովել երկրի անվտանգային, տնտեսական և դիվանագիտական դիրքավորումը։ Իրանը մեր անմիջական հարևանն է։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող «արտաքին» լինել Հայաստանի համար։ Սա ուղիղ ազդեցություն ունի մեր անվտանգության, հաղորդակցությունների, էներգետիկ կայունության և նույնիսկ պետականության հեռանկարի վրա։ Այսօր տարածաշրջանում սկսվել է մի գործընթաց, որի տրամաբանությունը պարզ է՝ ուժերը վերադասավորվում են, խաղի կանոնները փոխվում են, և թույլ պետությունները դառնում են առաջին հարվածի տակ հայտնվող օբյեկտներ։ Հարցը պարզ է՝ Հայաստանը այս գործընթացում սուբյե՞կտ է, թե՞ դիտորդ։ Կամ ավելի ճիշտ՝ կարո՞ղ է լինել սուբյեկտ մի իշխանության պայմաններում, որը նույնիսկ չի արձանագրում վտանգի իրական չափն ու մնում է անհաղորդ՝ ցուցադրելով վտանգավոր անգործություն: Պետականությունը չի հանդուրժում գիտակցված կամ չգիտակցված իշխանական անլրջություն։ Պատմությունը՝ առավել ևս»։