«Արդեն վեցերորդ օրն է, ինչ Սյունիքում աշխատավորները գործադուլ են իրականացնում». Օլեգ Դուլգարյան
100
Այսօր, 20:06
«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր արդեն վեցերորդ օրն է, ինչ Սյունիքում աշխատավորները գործադուլ են իրականացնում։ Կարծես թե, դեռ գործադուլավորները չեն ստացել իրենց պահանջների պատասխանները, իսկ առկա երկխոսությունը, ըստ մամուլում եղած հրապարակումների, դեռևս արդյունք չի տվել։ Միևնույն ժամանակ, այս օրերին տարբեր մտքի «Գոհարներ»-ի ենք հանդիպում, մոտավոր հետևյալ կոնտեքստով. «Որ բանվորները ինքնուրույն այդ քայլի չէին գնա, առկա է ինչ-որ հանելուկ, քանզի իրենք հենց այնպես դա չէին անի, այն բանի համար, որ իրենց աշխատավարձերը բարձր են, որ իրենց մոտ միջին աշխատավարձը բարձր է մյուս տեղերի համեմատ, և ի վերջո, որ նրանց մոտ կյանքի որակը ավելի բարձր է և այլն», ինչը ենթադրել է տալիս, որ կարծես ակնարկում են, թե գործադուլավորները ուղղորդված են։ Իհարկե, այդ մտքերում չի անտեսվում, բոլոր ժամանակների, բոլոր վարկածների այդպես ասած «ամենամեղավորների», բնապահպանների «hետքը» և տարաբնույթ կոնսպիրացիաները։ Ուրեմն, այդ «մտքագոհարիչները» չեն տեսնում ու չեն լսում գործադուլավորների այն պնդումները, որ միջին աշխատավարձի հաշվարկը գոյանում է ամենաբարձր աշխատավարձերի և ամենանվազների հանրագումարման արդյունքում, ինչը պարզ է բոլոր ոչ տնտեսագետների համար, ու ըստ գործադուլավորների, այդ տարբերությունները, աշխատավարձերի վերին և ներքին շեմերի միջև, շատ մեծ են։ Բացի այդ, այդ գոհարային մտքերում նաև անտեսվում է, որ գործադուլավորները բարձրացնում են նաև այլ խնդիրներ։ Հիմա դա էլ մի կողմ, ամենատգեղը այս ամենի մեջ այն է, որ ակնարկում են, որ գործադուլավորները ինքնուրույն այդպիսի բաներ չէին անի, ու հենց այնպես չէին անի, այսինքն՝ ուզում են ասել, որ այդ մարդիկ ինքնուրույն ունակ չեն նման բան անելու։ Հարց էլի՝ ըստ ձեզ, այդ մարդկանց խելքը չի բավարարում ինքնուրույն քայլերի համար, մտածելու ունակություններից են զուրկ կամ ինքնուրույն որոշումներ կայացնելուց։ Ասենք, դուք ով եք, որ սեփական ժողովրդի մի թեկուզ փոքրատիվ խմբին նման ակնարկներ անեք, թեկուզ ոչ ուղիղ բառերով։ Իսկ գործադուլավորները, ըստ առկա հարցազրույցների և իրականացված լայվերի միջոցով հանրության համար արտահայտած մտքերի, հավատում են, որ պայքարում են սեփական իրավունքների համար։ Ամենակարևորը՝ պայքարում են ժողովրդավարական գործիքներով»։