ԶՊՄԿ-ն պարզաբանում է տարածել ստեղծված իրավիճակի շուրջ
59
Այսօր, 20:06
«Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը»,- այս մասին հայտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջում:
«Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր և թվեր. Հարկ ենք համարում հիշեցնել, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են բողոքի ակցիաներ և ոչ թույլատրելի գործադուլներ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։ 2024 թվականի սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։ Այս փոփոխությունների շրջանակում, օրինակ, բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության վերանայման արդյունքում (2024 թվականի հոկտեմբեր) նրանց վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։ Անկախ սեպտեմբերից իրականացվող բարեփոխումներից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները։ Սյունիքի մարզում միջին աշխատավարձը երկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչը պայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի գործունեությամբ։ Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ ներկայացնում ենք ընկերության որոշ հաստիքների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀ դրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալ հարկերը)։ -Հարստացուցիչ ֆաբրիկա -Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի -Ֆլոտատոր 399,470-594,099 -Փականագործ 329,918-580,003 -էլեկտրագազաեռակցող 359,856-609,491 -Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի -Կոնվեյերավար 450,090-480,060 -էլեկտրագազաեռակցող 362,789-614,809 -Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ) -Միջին ամսական աշխատավարձ (ներառյալ հարկերը) -90 տոննա 1,140,151 -130 տոննա 1,372,247 -180 տոննա 1,672,215
Ընդհանուր միջին 1,394,871
Բացի այդ՝ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։ Բոլոր աշխատակիցները կարող են օգտվել օրենքով սահմանված արձակուրդային օրերից և օգտվել արհմիության տրամադրած արտոնյալ կամ անվճար ուղեգրերից՝ Հայաստանի և տարածաշրջանի հանգստյան տներում։ Ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերի փոխհատուցում։ Աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։ Ընկերությունը սոցիալական լայնածավալ ծրագրերի շրջանակում ֆինանսավորում է մանկապարտեզներ, սպորտային խմբակներ, բժշկական հաստատություններ, մշակույթի տներ, բազմաթիվ միջոցառումներ և հարյուրավոր այլ սոցիալական ծրագրեր։ Քանի որ վերջին օրերին գործադուլի կազմակերպիչների կողմից տարածվում է ապատեղեկատվություն՝ իբրև «աղքատիկ» աշխատավարձերի և վատ վարձատրության պայմանների մասին, հանրության դատին ենք թողնում վերոնշյալ թվերը և փաստերը։ Լրացուցիչ՝ Չարտոնված գործողություններում ներգրավված աշխատակիցների թիվը չի գերազանցում Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7-8%-ը։ Արհմիությունը չի աջակցում այս գործողություններին՝ համարելով դրանք անօրինական, և չի դիտարկում դրանք որպես գործադուլ։ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատում է ավելի քան 4,600 մարդ։ Շատ դեպքերում աշխատանքի տեղավորումը պայմանավորված է բացառապես սոցիալական խնդիրներով և միշտ չէ, որ արտացոլում է ընկերության իրական կարիքները մասնագետների հարցում։ Ամեն օր Կադրերի բաժին են ուղարկվում մեծ թվով աշխատանքային դիմումներ՝ չնայած սահմանափակ թվով թափուր աշխատատեղերին։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատակիցների մեծ մասը գնահատում է իրենց աշխատանքը և ընկերության վերաբերմունքը, ուստի նրանք չպետք է տուժեն որոշ անպատասխանատու հրահրիչների գործողություններից»,- նշված է հաղորդագրության մեջ։