«Ընդգծվում է ՀՀ-ում իրավունքի գերակայության նկատմամբ աճող սպառնալիքը»․ Արման Բաբաջանյան
74
Այսօր, 20:48
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դատապարտում է Ղարիբ Բաբայանի ձերբակալությունը, որը հիմնված է թույլ իրավական հիմքերի վրա և հակասում է օրենքի գերակայության սկզբունքին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ատելության խոսքի և թշնամանքի հրահրման հիմքով, սակայն գործի իրավական հիմնավորումները կաղում են թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային տեսանկյունից։ Դատարանը մերժեց նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, ինչը վկայում է գործի իրավական խոցելիության մասին։ Ավելին, սահմանված վարչական հսկողությունը և նրան հրապարակային խոսքով հանդես գալու արգելքը քաղաքական նպատակներ հետապնդող միջոցներ են, որոնք չեն համապատասխանում իրավական պետության սկզբունքներին։ Այս գործը կասկածի տակ է դնում ոչ միայն իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափությունը, այլև Հայաստանի դատական համակարգի անկախությունը։ Օրենքի կամայական կիրառումը, քաղաքական նպատակներով դատական գործընթացների գործարկումը և խոսքի ազատության սահմանափակումները հարվածում են իրավական պետության հիմքերին։ Եթե պետական ինստիտուտները սկսում են օրենքն օգտագործել որպես քաղաքական մահակ՝ մեկին լռեցնելու, մյուսին պաշտպանելու համար, ապա այդ օրենսդրությունը կորցնում է իր լեգիտիմությունը։ Այս գործն ավելի լայն խնդիր է ընդգծում՝ Հայաստանում ժողովրդավարական համակարգի և իրավունքի գերակայության նկատմամբ աճող սպառնալիքը։ Բացի ներքին իրավական կամայականություններից, Հայաստանը կրկին հայտնվել է Ռուսաստանի տեղեկատվական հիբրիդային գրոհի թիրախում։ Ռուսաստանի հայերի միության վերջին հայտարարությունը, որը տարածվել է «ՌԻԱ-Նովոստի» գործակալության միջոցով, ակնհայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և ռուսական քարոզչական մեքենայի նոր հարված մեր պետականության դեմ։ Այս միջամտությունն ունի խորքային պատճառներ, որոնց առանցքում Հայաստանին Կրեմլի վերահսկողության տակ պահելու ձգտումն է։ Պատմական իրողությունները ցույց են տալիս, որ նման գրոհներն առավել ակտիվանում են այն փուլերում, երբ Հայաստանը փորձում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից և ամրապնդել իր ինքնիշխանությունը։ Մեղրիի փոխանակման դավաճանական ծրագիրը բացահայտվեց, որտեղ Ռուսաստանի դերակատարությունը հնարավոր չեղավ կոծկել, հոկտեմբերի 27-ի ոճրի մեջ Կրեմլի մասնակցությունը ևս այլևս անհնար է թաքցնել, Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկը հակասում է Մոսկվայի շահերին, իսկ Հայաստանի իշխանությունների ինքնուրույն քաղաքականության շարունակականությունը ստեղծում է նոր մարտահրավերներ Ռուսաստանի համար։ Ռուսական քարոզչական մեքենան արդեն երկար տարիներ գործում է նույն մեթոդներով՝ տեղեկատվական ապատեղեկատվություն, քաղաքական ճնշումներ, սադրանքներ և կեղծ օրակարգերի առաջմղում։ Այս մեխանիզմը սպասարկում է ոչ թե Հայաստանի ազգային շահերը, այլ միմիայն Կրեմլի նկրտումները։ Այն ուժերը, որոնք ներսից նպաստում են այս գործընթացներին, ուղիղ կերպով աշխատում են Հայաստանի պետականության դեմ։ Հայաստանն այլևս պարտավոր չէ հանդուրժել օտար ազդեցության գործակալական ցանցի քաղաքական սադրանքները։ Անկախ պետականությունը ենթադրում է ինքնիշխան քաղաքականություն, որտեղ երկրի ռազմավարական ուղղությունները որոշվում են ոչ թե արտաքին ուժերի թելադրանքով, այլ բացառապես ազգային շահերի հիման վրա։ Ժողովրդավարական պետությունը կարող է դիմակայել արտաքին հարվածներին միայն այն դեպքում, երբ իրավական համակարգը գործում է անաչառ և օրենքը կիրառվում է հավասարապես բոլորի նկատմամբ։ Հայաստանը կանգնած է իր ժամանակակից պատմության կարևորագույն պահերից մեկի առջև, երբ անհրաժեշտ է դիմակայել ինչպես ներքին կամայականություններին, այնպես էլ արտաքին հիբրիդային գրոհներին։ Պետական ինքնիշխանությունը ենթադրում է ոչ միայն իրավական պաշտպանություն, այլև քաղաքական գիտակցություն՝ հասկանալու, թե որտեղից է գալիս սպառնալիքը և ինչ նպատակներ է հետապնդում։ Խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն երկարաժամկետ կտրվածքով հանգեցնում է ավելի լայն քաղաքական ճնշումների, որոնք սադրում են խավարը և խարխլում հասարակության դիմադրողականությունը։ Օտարերկրյա ուժերի ներգործությունը և դրանց գործիքակազմի ակտիվացումը վկայում են, որ Հայաստանի ինքնիշխան կեցվածքը խոչընդոտում է Կրեմլի ծրագրերին։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գիտակցել, որ ազգային շահերի պաշտպանությունն առաջին հերթին պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշում։ Ժողովրդավարական ուղին այլընտրանք չունի, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը ենթադրում է այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ օրենքը կիրառվում է օրենքի, ոչ թե ճնշման համար։ Պետականության ամրապնդումը նշանակում է, որ մեր հասարակությունը պատրաստ է մերժել ինչպես ներքին բռնաճնշումները, այնպես էլ արտաքին քարոզչական գրոհները։ Հանուն Հանրապետության կուսակցություն