Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանում հայտնված 80 զինծառայողների ճակատագիրն անհայտ է»․ Սիրանուշ Սահակյան

396
Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 15:48
«Ադրբեջանում հայտնված 80 զինծառայողների ճակատագիրն անհայտ է»․ Սիրանուշ Սահակյան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Ամերիկյան համալսարանի՝ «Իրավագիտության և մարդու իրավունքների ու սոցիալական արդարության մագիստրոսական ծրագրերի» շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո իրականացված գերեվարությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում վերադարձնել գերիներին, այլև շարունակաբար գերեվարումներ է իրականացրել, այդ թվում 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ․ «Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին հայրենադարձրել է շուրջ 210 գերեվարված հայերի, պաշտոնական տվյալներով 23 անձ գտնվում է Ադրբեջանում, նրանց դեպքերը վիճելիություն չունեն, այստեղ նաև կա հասանելիություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, և եթե մենք դեպքերն ավելի մանրակրկիտ վերլուծենք, ապա կտեսնենք, որ 2020 թվականից ունենք հինգ գերեվարվածներ, երկուսը ռազմագերիներ են՝ Լյուդվիգը և Ալյոշան, որոնք տարեցներ են, գերեվարվել են Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին մասնակցելու պատրվակով, մյուս երեքը քաղաքացիական անձինք են։ 23 անձանցից մյուս 18-ը գերեվարվել են 2023 թվականին, այդ թվում զինծառայողներ, տարեց անձ և Արցախի նախկին ղեկավարությունը, վերջիններիս վերաբերյալ օգտագործում ենք քաղաքական բանտարկյալ եզրույթը։ Կցանկանայի ֆիքսել, որ կան բռնի անհետացման ենթարկված գերիներ և ամենայն հավանականությամբ նրանք հետագայում ենթարկվել են կամայականությունների՝ բոլոր հնարավոր ելքերով, ընդհուպ մինչև սպանություններ։ Մեր փաստահավաք գործունեությամբ կարողացել ենք հիմնավորել 80 դեպք, երբ զինծառայողները զենքը վայր են դրել՝ հայտնվելով ադրբեջանական հսկողության ներքո, զրկվել են ազատությունից և հետագայում նրանց ճակատագիրը դարձել է անհայտ։ 80 դեպքերի ճնշող մեծամանության պարագայում մենք ունենք ստուգված վերիֆիկացված տեսանյութեր, լուսանկարներ, ականատեսների վկայություններ»,- ասել է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այդ անձանց առնչությամբ ՄԻԵԴ-ում կան դատական գործընթացներ։

«Ադրբեջանում հայտնված 80 զինծառայողների ճակատագիրն անհայտ է»․ Սիրանուշ Սահակյան