Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանն ուզում է հաղթել Զելենսկուն». Անդրանիկ Թևանյան

258
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 17:24
«Փաշինյանն ուզում է հաղթել Զելենսկուն». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Անխոհեմության, անհեռատեսության ու ինքնաոչնչացման հարցում մի ներքին սփոփանք կար մոտս (դա կոչվում է «համապատասխան» սրտի անհամապատասխան մխիթարանք), որ չնայած Փաշինյանի բերած մղձավանջին, մենք այդուհանդերձ աշխարհում առաջին տեղում չենք: Ներքին «փիլիսոփայական» ուրախություն կար, որ ուկրաինացիներից հետ ենք գտնվում համաժողովրդական մազոխիզմի ու պետականակործան էֆտանազիայի գնալու հարցում:
Դատելով ամենից՝ Փաշինյանն ուզում է առաջ անցնել Ուկրաինայի տխրահռչակ նախագահ Զելենսկուց՝ սեփական պետությունն այլոց ձեռքում մանրադրամ դարձնելու, սեփական երկրի գյուղերն ու քաղաքներն ավերակ դարձնելու, սեփական ժողովրդին թնդանոթի միս սարքելու հարցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում արձանագրեց այդ ամենը՝ Հայաստանի համար կանխատեսելով ավելի վատ հեռանկար, քան Ուկրաինայի դեպքում է: Այսինքն՝ կրկին «չեմպիոն» դառնալու գծի վրա ենք: Ինչպես 1915-ին:
Ստոլտենբերգը հաճելիորեն զարմացած է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի իրենք գտել են Հայաստանը հակառուսական պայքարի և համաշխարհային աջ-տրոցկիզմի զոհասեղանին դնելու պատրաստ մեկին: Դրանից չօգտվելը հիմարություն կլիներ և չի կարելի մեղադրել դրսի մարդկանց, թե ինչու մեր փոխարեն Հայաստանի մասին հոգ չեն տանում:
Ինչ մնում է Թուրքիային ու Ադրբեջանին, ապա դրանք Փաշինյանի պես նվերի մասին նույնիսկ չէին կարող երազել:
Հայ ժողովուրդը պետք է Ուկրաինա չդառնա: Ամո՛թ է: Հետո ի՞նչ, որ գերեզման ուղարկելուց առաջ մեզ պլպլան եվրոպական դագաղ են ցույց տալիս: Սևրում էլ էին ցույց տվել: Հետո ի՞նչ: Պատմության նույն դասարանում քանի՞ անգամ կարելի է մնալ:
Հ.Գ.: Մեր տարածաշրջանում հակապետական, էքսցենտրիկ, արկածախնդիր ու մարազմատիկ ղեկավարներ բոլորն էլ ունեցել են: Ադրբեջանն Էլչիբեյ ունեցավ, Վրաստանը՝ Գամսախուրդիա և Սահակաշվիլի: Բոլորի դեպքում էլ եղան տարածքային կորուստներ:
Փաշինյանը գերազանցեց սրանց՝ պետությանը տված իր վնասով:
Ամբողջ խնդիրն այն է, որ Էլչիբեյը, Գամսախուրդիան, Սահակաշվիլին իրենց տված վնասից հետո արագ դուրս շպրտվեցին պետական համակարգից: Փաշինյանը 2020-ից հետո դեռ մնացել է: Այս խարանից պարտավոր ենք ազատվել՝ վատ իմաստով համաշխարհային ռեկորդակիր չդառնալու համար»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան