Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լեհաստանը փշալարեր է կապել Ռուսաստանի հետ սահմանին

526
Հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ., 20:54
Լեհաստանը փշալարեր է կապել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանն արդեն 107 կմ երկարությամբ ժամանակավոր փշալար է անցկացրել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։

Այս մասին լեհական մամուլի գործակալությանը հայտնել է Ռուսաստանին սահմանակից Վարմինսկո-Մազուրի նահանգի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Միրոսլավա Ալեքսանդրովիչը։

«Մենք արդեն մոտ 107 կմ պատնեշ ենք կառուցել»,- ասել է նա։ 2,5 մետր բարձրությամբ և 3 մետր լայնությամբ պատնեշը լեհական բանակի կողմից կառուցվում է 2022 թվականի նոյեմբերի սկզբից։ Ինչպես նշել են Վարշավայում, այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ Ռուսաստանը բացել է Կալինինգրադի շրջանի օդանավակայանը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ինքնաթիռների համար, ինչը միգրացիոն ճնշման սպառնալիք է ստեղծում։ Անցյալ տարի լեհ սահմանապահներն արձանագրել են Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի ապօրինի հատման 11 դեպք, այս տարի՝ միայն մեկ։

Ապրիլի առաջին կեսին սահմանի այս հատվածում կսկսվի էլեկտրոնային պատնեշի ստեղծումը՝ հետագծման համակարգերով։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։ Պատնեշը ծածկելու է սահմանի 200 կմ երկարությունը և լինելու է սենսորների և տեսախցիկների համակարգ, որը թույլ կտա շուրջօրյա վերահսկել իրավիճակը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 82 մլն դոլար։

Լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով Լեհաստանն անցած տարվա հունվարին սկսել է 186 կմ ընդհանուր երկարությամբ այս հատվածում նոր պատնեշ կառուցել։ Այն հասնում է 5,5 մ բարձրության և հագեցած է ժամանակակից հսկողության սարքավորումներովˋ ներառյալ տեսախցիկները և շարժման սենսորները:

Բելառուսի հետ Լեհաստանի սահմանի ընդհանուր երկարությունը 418 կմ է, իսկ Ռուսաստանի հետ ցամաքայինը՝ 210 կմ։