Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ստացվում է՝ ցանկացած մեկը կարող է առաջարկել ԱԱԾ-ին՝ իր շրջապատին վերաբերող տեղեկատվությունը համարել պետական գաղտնիք». Արծվիկ Մինասյան

497
Երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ., 14:42
«Ստացվում է՝ ցանկացած մեկը կարող է առաջարկել ԱԱԾ-ին՝ իր շրջապատին վերաբերող տեղեկատվությունը համարել պետական գաղտնիք». Արծվիկ Մինասյան

ԱԺ նիստում քննարկվում էր «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը ներառում է 50 օրենք: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները, ինչի արդյունքում, գաղտնի դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին: Առաջարկվում է նաև ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին և վարչապետին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թույլտվությունը երաշխավորել՝ համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո:

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել, որ այս օրենքի նախագիծը չի բավարարում սահմանադրական պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի պետական անվտանգության տեսակետից. «Ի՞նչ հիմնավորումներով է համարվում տվյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք, արդյունքում՝ կարող է լինել իրավիճակ, որ պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափը կարող է որակվել որպես պետական գաղտնիք: Այսպիսի անորոշության պայմաններում անհնար է պատկերացնել՝ որո՞նք են այդ տեղեկությունների ծավալը, ուղղվածությունը, որոնք կարող են գնահատվել որպես պետական գաղտնիք: Ստացվում է՝ ցանկացած մեկը կարող է առաջարկել ԱԱԾ-ին իր անձնական կամ իր շրջապատին վերաբերող տեղեկատվությունը համարել պետական գաղտնիք»,- նկատել է Մինասյանը: