Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կիևը հերքում է Մոսկվայի հայտարարությունները «հատուցման օպերացիա»-ի մասին

852
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 22:12
Կիևը հերքում է Մոսկվայի հայտարարությունները «հատուցման օպերացիա»-ի մասին

Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմբի ներկայացուցիչ Սերխի Չերևատին ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունները՝ Կրամատորսկում հարվածի հետևանքով 600 ուկրաինացի զինծառայողների մահվան մասին, չեն համապատասխանում իրականությանը։

«Այս տեղեկությունը նույնքան իրական է, որքան այն տվյալները, որ նրանք ոչնչացրել են մեր բոլոր HIMARS-ները», - ասել է Չերևատին ուկրաինական լրատվամիջոցներին:

Ավելի վաղ՝ կիրակի օրը՝ հունվարի 8-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Կրամատորսկի հրթիռակոծման մասին և քաղաքի վրա հարվածն անվանել է «հատուցման օպերացիա» Մակեևկայում ռուս զինվորականների մահվան դիմաց։ «Կրամատորսկում ուկրաինական զորքերի ժամանակավոր տեղակայման կետերի վրա հրթիռային հարձակման հետևանքով ոչնչացվել է ավելի քան 600 զինվոր»,- կիրակի օրը հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակը։

Կրամատորսկի հրետակոծության մասին կիրակի՝ հունվարի 8-ի առավոտյան, հայտնել է նաև քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։ Նրա ֆեյսբուքյան գրառումը վերաբերում է ութ վթարային բնակելի բարձրահարկ շենքերի և երկու ուսումնական հաստատությունների։ Նա մանրամասնեց, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։ Զոհված ու վիրավոր զինվորների մասին ոչինչ չի ասվել։