Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Անկարան հավաստիացնում է, թե Մոսկվան կապ չունի Օդեսայի նավահանգստի հրթիռակոծության հետ

1222
Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 21:18
Անկարան հավաստիացնում է, թե Մոսկվան կապ չունի Օդեսայի նավահանգստի հրթիռակոծության հետ

Վաշինգթոնն ու Կիևը Մոսկվային են մեղադրում Օդեսայի նավահանգստի մոտ տեղի ունեցած հրթիռային հարվածների և պայթյունների համար։ Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը պատասխանել է Ռուսաստանի հասցեին հնչող քննադատություններին։

«Մեր շփման ընթացքում ռուսները մեզ ասացին, որ իրենք բացարձակապես կապ չունեն այս հարձակման հետ», - ասել է Աքարը։ Նրա խոսքով՝ Կրեմլը «որքան հնարավոր է ուշադիր ու մանրամասն ուսումնասիրում է այդ հարցը»։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։

Օդեսայի նավահանգստում հրթիռային հարձակման մասին լուրը մեկնաբանել է նաև Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նա «միանշանակ դատապարտում է» այս հարձակումը, շեշտում է պաշտոնական կայքը։ Նրա կարծիքով՝ հարվածները սպառնում են նախօրեին Ստամբուլում ստորագրված «հացահատիկի համաձայնագրի» պայմանները կատարելու հնարավորությանը։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ տեղի ունեցողի մեղավորը հենց Ռուսաստանն է։ Այսպիսով, Մոսկվան ցույց է տալիս իր պատրաստակամությունը «կատարել հացահատիկի արտահանման վերաբերյալ պայմանավորվածությունները»։ «Սա միայն մեկ բան է ապացուցում. ինչ էլ որ Ռուսաստանը ասի և խոստանա, այն չկատարելու ուղիներ կգտնի»,- գրել է նա իր անձնական Telegram ալիքում։

Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը նախազգուշացրել էր Ուկրաինայի նավահանգիստներում ականների բարձր վտանգի մասին։ Նա մեղադրել է Կիևին, որ հրետակոծության բարձր ռիսկերի պատճառով արտասահմանյան ավելի քան 70 նավ հնարավորություն չունեն ազատորեն բաց ծով դուրս գալու։ Նրա խոսքով՝ օտարերկրյա նավերը շարունակում են արգելափակված մնալ Խերսոնում, Նիկոլաևում, Չեռնոմորսկում, Օչակովում, Օդեսայում և Յուժնիում։