Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

Մորգենշտերն․ մի հայտարարված համերգի չեղարկման քրոնիկոն

1407
Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 22:42
Մորգենշտերն․ մի հայտարարված համերգի չեղարկման քրոնիկոն

Փաստերի ստուգման հարթակը գրում է. «Ռուսաստանցի երաժիշտ Մորգենշտերնի՝ մարտի 11-ին Երևանում պլանավորված համերգը ակտիվ քննարկումների առարկա դարձավ համացանցի հայալեզու տիրույթում։

23-ամյա ռեփերը, որը իր գործունեության մի քանի տարիների ընթացքում բավական լայն ճանաչում է ձեռք բերել հատկապես դեռահասների շրջանում, հայտնի է իր սկանդալային կերպարով, հակասական հայտարարություններով և իշխանության ու օրենքի հետ ունեցած իր խնդիրներով։

Հունվարի 23-ին ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվականի հայկական ծառայությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնեց, որ Մորգենշտերնի երևանյան համերգը չեղարկվել է՝ չնայած Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի գրեթե բոլոր տոմսերը, ըստ հրապարակման, սպառվել էին։ Լրատվամիջոցի տեղեկություններով, համերգի չեղարկման պատճառը հայ հանրության շրջանում առաջացած դժգոհությունն է։

Մինչ այդ «Սպուտնիկը» հրապարակել էր մեկ այլ նյութ՝ պնդելով, թե հայ հանդիսատեսը «միանշանակ չի ընդունել» համերգի կազմակերպումը։ «Մինչ կազմակերպիչները խոստանում են այս տարվա մեր քաղաքի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը, հրապարակման տակ անընդհատ հայտնվում են Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանությունները՝ զայրացած էմոջիներով», գրել էր կայքը։ Դժգոհությունների հիմնական թեման երաժշտի պատկերացումներն են կրոնական, սեռական և սոցիալական կյանքի այլ ասպեկտների վերաբերյալ։ Հատկանշական է, որ քննադատական գրառումների զգալի մասում շեշտվում է երաժշտի ազգությունը՝ նա ծնվել է Բաշկիրստանի մայրաքաղաք Ուֆայում, հայրն ազգությամբ բաշկիր է, մայրը՝ հրեա։

Ինչու՞ չեղարկվեց համերգը
Համերգի չեղարկման պաշտոնական պատճառը, ըստ կազմակերպիչ Prime Production ընկերության ներկայացուցչի, իրենց հասցեին հնչած քննադատություններն ու սպառնալիքներն են։

«Prime Production-ի անդամներն այս օրերին տարատեսակ սպառնալիքներ են ստացել, հայտնվել անախորժ իրադրություններում: Համերգն արդեն երկու օր է՝ չեղարկված է, բայց մտնում են մեր էջ ու ինչ ասես, գրում են, անձնական տիրույթ են տեղափոխում», — armtimes.com-ի հետ զրույցում ասել է կազմակերպության ներկայացուցիչը, որն անվտանգության նկատառումներից ելնելով նախընտրել է անանուն մնալ։

Կազմակերպության ներկայացուցիչը հերքել է նաև «Սպուտնիկ» լրատվականի պնդումն այն մասին, թե համերգի տոմսերը գրեթե սպառվել էին։ Ըստ նրա, թեև շատ պատվերներ կային, բայց տոմսերի միայն չնչին մասն էր վաճառվել համերգի չեղարկման պահին։

Մեր հոդվածի հրապակումից հետո ռուսաստանյան Gazeta.ru կայքը տեղեկացրեց, որ Մորգենշտերնի համերգային տնօրեն Վլադիմիր Շավգուլիձեն հայտնել է, թե տեղեկություն չունի Երևանում համերգի չեղարկման մասին։ «Չգիտեմ, ես առաջին անգամ եմ դրա մասին լսում։ Մենք կապի մեջ ենք [Երևանում] կազմակերպչի հետ և ոչ մի տեղեկություն, որ էնտեղ ինչ-որ նման բան կա, չունենք», — ասել է նա։

Չհիմնավորվող մեղադրանքներ և հիմնավոր մտահոգություններ
Մորգենշտերնի երևանյան համերգի շուրջ սոցցանցային քննադատական մեկնաբանություններում ամենից շատը տարածվել էր Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Եզնիկ քահանա Մարդիրյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ, ի թիվս այնի, նշվում է, որ երգիչը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծաղրում և հայհոյում էր հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն»,- գրել էր հոգևորականը:

«Փաստերի ստուգման հարթակին», սակայն, չհաջողվեց գտնել Մորգենշտերնի՝ հայերին ծաղրող կամ վիրավորող որևէ հրապարակում։ Սոցիալական ցանցերում կամ այլ հանրային հարթակներում երգիչը 44-օրյա պատերազմի կամ, առհասարակ, Արցախյան հակամարտության մասին չի արտահայտվել։

Ուշագրավ է, որ Մորգենշտերնի պաշտոնական թելեգրամյան ալիքում, որը ավելի քան 900 հազար հետևորդ ունի, հունվարի 23-ի երեկոյան տեղեկություն հրապարակվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին, որտեղ երգիչը Սարգսյանին ներկայացնում է որպես «արժանապատիվ քաղաքական գործիչ, որը իշխանությունից կառչած չէ»։ Ընդ որում, հրապարակումն ուղեկցող կոլաժը պատկերում է Արմեն Սարգսյանին՝ ՌԴ պետական դրոշի և ամանորյա տոնածառի դիմաց կանգնած՝ ակներևաբար հիշեցնելով 1999-ին ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականը։

Համերգի չեղարկման մասին հայտարարությունից հետո հայկական սունկ կայքերը սկսեցին ակտիվորեն տարածել Մորգենշտերնի՝ իբր Հայաստանում համերգը չեղարկողներին ուղղված պատասխանը, որում երգիչն իբր ասում է՝ «եթե դուք չեք ուզում տեսնել ինձ, ապա ես ձեր վրա թքած ունեմ»։ Նման պատասխան, սակայն, երգչի պաշտոնական էջերից որևէ մեկում կամ որևէ արժանահավատ աղբյուրում չի հրապարակվել։

Մորգենշտերնին քննադատողները նաև նշում են, որ նա «աշխատում է ադրբեջանցիների համար»։ Այս պնդումը համապատասխանում է իրականությանն այնքանով, որ Մորգենշտերնը գործում է Atlantics Records Russia (նախկին Zhara Music) լեյբլի ներքո, որի հիմնադիրն ու համասեփականատերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովն է, իսկ մյուս համասեփականատերը՝ նրա համերկրացի Բախտիյար Ալիևը։

Խնդիրներ Ռուսաստանում և Ուկրաինայում
Ալիշեր Մորգենշտերնը պարբերաբար խնդիրներ է ունենում Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ։ Վերջին մեղադրանքով, որի մասին ռուսական լրատվականները հայտնել են նախորդ տարվա դեկտեմբերին, Մորգենշտերնին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում՝ իր երգերում անչափահասների շրջանում թմրանյութերի քարոզի համար։ Ըստ լուրերի՝ երգիչը հեռացել է Ռուսաստանից՝ քրեական գործի մասին հրապարակումներից հետո։

Ամռանը երգիչն իր տեսահոլովակներում թմրանյութերի պրոպագանդայի համար դատարանի վճռով տուգանվել է 100 հազար ռուբլու չափով։

2021 թվականին, ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների տարածած հայտարարության, արգելվել են նաև երգչի համերգները ուկրաինական քաղաքներում, ինչպես նաև Մորգենշտերնի ցանկացած երաժշտական գործունեություն Ուկրաինայում, քանի որ, ըստ Ուկրաինայի անվտանգության հատուկ ծառայության, նրա երգերը քարոզում են բռնություն և վտանգ են երկրի ազգային անվտանգության համար։

Հայաստանի իշխանությունները ՀՀ տարածքում Մորգենշտերնի գործունեության անցանկալի կամ արգելված լինելու վերաբերյալ որևէ հայտարարություն չեն տարածել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: