Նիդերլանդների իշխանությունը թույլատրել է հանրությանը ներկա գտնվել «Եվրոտեսիլ» երգի մրցույթին, որը պետք է տեղի ունենա մայիսին Ռոտերդամում: «Մենք ողջունում ենք կառավարության այս որոշումը և երկրպագուներին մայիսին կայանալիք «Եվրոտեսիլ» երգի մրցույթին միանալու հնարավորությունը»,-ասված է մրցույթի գործադիր սուպերվայզեր Մարտին Օսթերդալի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Եվրոտեսիլ»-ի կայքում: Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS) հաղորդում է, որ Նիդերլանդների նախարարների կաբինետը մտադիր է էքսպերիմենտ անցկացնել՝ պարզելու, թե ինչպես կարելի է անվտանգ զանգվածային միջոցառումներ անցկացնել մեծ լսարանի մասնակցությամբ: Բոլոր 9 շոուներին՝ 6 փորձերին, 2 կիսաեզրափակիչին և եզրափակչին, միաժամանակ կկարողանան ներկա գտնվել առավելագույնը 3500 հանդիսատես: Սակայն միջոցառմանը նրանք պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք։ 3500-ն անցյալ տարի ակնկալվող թվի մոտ կեսն է։ Միևնույն ժամանակ իշխանությունները չեն բացառել, որ հեռուստադիտողներն ստիպված կլինեն հեռուստատեսությամբ դիտել «Եվրոտեսիլը», եթե երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վատանա: Բացի այդ, ուղևորության սահմանափակումների պատճառով առայժմ ողջունում են միայն Նիդերլանդներից ժամանած հանդիսատեսին: «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը չեղյալ է հայտարարվել 2020 թվականին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, տեղի կունենա մայիսի 18-22-ին Ռոտերդամի Ahoy արենայում: Ավելի վաղ մրցույթի կազմակերպիչները հայտնել էին, որ մրցույթը նախատեսվում է անցկացնել առկա ձևաչափով, սակայն պատվիրակությունների կազմերը, ինչպես նաև լրագրողների թիվը, կկրճատվեն: