Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԵԽ-ը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում ԵՄ-ին խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

4369
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 21:40
ԵԽ-ը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում ԵՄ-ին խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եվրոխորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Եվրոմիության անդամ երկրներին խիստ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Փաստաթղթի շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրոխորհրդարանի լիագումար նիստում:
Բանաձևին կողմ է քվեարկել 631 պատգամավոր, դեմ՝ 3-ը։ «Եվրոխորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոխորհրդին պահպանել միասնական դիրքորոշումը Թուրքիայի անօրինական գործողությունների նկատմամբ և ի պատասխան խիստ պատժամիջոցներ սահմանել»,- նշվում Է փաստաթղթում:
Բանաձևում նշվում է, որ Եվրոմիության և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են «պատմական նվազագույն մակարդակի»:
«Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում եվրոպական արժեքներից ու ստանդարտներից։ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում նրա անօրինական և միակողմանի ռազմական գործողություններն սպառնալիք են ԵՄ անդամ պետությունների՝ Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանության դեմ։ Եվրոպատգամավորները նաև նշում են Թուրքիայի ուղղակի աջակցությունն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցում, ինչպես նաև նրա գործողությունները Լիբիայում և Սիրիայում»,-ընդգծվում Է փաստաթղթում:
ԵՄ և Թուրքիայի միջև հարաբերությունները Եվրոմիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում կլինեն դեկտեմբերի 10-11-ի գագաթնաժողովում: Ինչպես սպասվում է, քննարկման շրջանակներում ԵՄ առաջնորդները կարող են Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում կայացնել: