Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ներկայացվել են Ալ. Հարությունյանի կամերային ստեղծագործությունները

286
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 02:15
Ներկայացվել են Ալ. Հարությունյանի կամերային ստեղծագործությունները

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեց Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին։ Հիշեցնենք‚ որ փառատոնը նվիրված է անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։

Համերգային ծրագրում Ալ. Հարությունյանի կամերային գործերը կատարեցին Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ‚ Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր)‚ Արաքս Պողոսյանը (ջութակ)‚ Էրիկ Մանուկյանը (ջութակ)‚ Ավետիք Ղազարյանը (կլարնետ)‚ Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր)‚ Արմեն Պուչինյանը (դաշնամուր)‚ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր)։

Ուշագրավ է‚ որ ստեղծագործությունները ներկայացնողների թվում էին նաև ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի մասնակիցները։

Ալեքսանդր Հարությունյանն ընդգծված հետաքրքրություն ուներ կամերային ժանրերի հանդեպ: Կոմպոզիտորի ստեղծագործության հուզական, խոհական, դրամատիկ երանգները տեղ են գտել նրա կամերային գործերում։

Ջութակահար Արաքս Պողոսյանը նշում է‚ որ Հարությունյանի սիմֆոնիկ գործերը բազմից հնչեցրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում‚ սակայն հեղինակի կամերային ստեղծագործություններից կատարում է առաջին անգամ։ Ջութակահարուհին նկատում է‚ որ մեծագույն սիրով և բավականությամբ է նվագում այդ գործերը։ Նա նաև հատուկ ընդգծում է այն փաստը‚ որ համերգային երեկոյի ընթացքում ելույթ են ունենալու երիտասարդ երաժիշտներ։ Դա թույլ կտա‚ որպեսզի վերջիններս առնչվեն հայ կոմպոզիտորների արվեստի հետ‚ նրանց գործերը ներառեն իրեն երկացանկում և դրանք հետագայում ներկայացնեն տարբեր բեմերում։