Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Փոլ Մաքքարթնին և Վիգեն Տերտերյանը՝ Թեհրանում

368
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 23:20
Փոլ Մաքքարթնին և Վիգեն Տերտերյանը՝ Թեհրանում

2001 թվականից սկսած այս օրը, հունվարի 16-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ որոշմամբ նշվում է որպես The Beatles բրիտանական հանրահայտ երաժշտական քառյակի համաշխարհային օր, տեղեկացնում է Հայ-եվրոպական մշակութային կենտրոնը: Ներկայացնում ենք բացառիկ մի լուսանկար, որը պատկերում է The Beatles ռոք-խմբի առաջատարներից մեկին՝ Փոլ Մաքքարթնիին, ով Թեհրանում 1968-ին հանդիպում էր ունեցել այն ժամանակ հանրաճանաչ իրանահայ երգիչ Վիգեն Տերտերյանի հետ:

Այդ լուսանկարի պատմությունը հետևյալն է. 1968 թվականի փետրվար և մարտ ամիսներին The Beatles քառյակի երաժիշտները, որոնց ոգեշնչում էր արևելյան փիլիսոփայությունն ու երաժշտությունը, ուղևորվում են Հնդկաստան: Փոլ Մաքքարթնիի հետ Հնդկաստան է մեկնում նաև դերասանուհի Ջեյն Էշերը. նրանք այն ժամանակ պաշտոնապես նշանված էին: Այնպես է ստացվում, որ Հնդկաստանից Անգլիա վերադառնալու ճանապարհին Փոլն ու Ջեյնը որոշում են մի քանի օրով հանգրվանել Թեհրանում:

Այդ քիչ հայտնի փաստի՝ Փոլ Մաքքարթնիի Թեհրան այցելության մասին ներկայացված է Ջեյն Էշերի janeasher-source.blogspot.com անձնական բլոգում, որտեղ տեղադրած է նաև այդ իրադարձության հետ առնչվող լուսանկարները: Ինչպես նշվում է բլոգում՝ այդ լուսանկարներն արված են Թեհրանում 1968-ի մարտի վերջին: Պատկերներից մեկը իրանական մի ամսագրի շապիկն է, որտեղ ընդհանուր ֆոտոշարքով ներկայացվում են առանձին դրվագներ Փոլի և Ջեյնի թեհրանյան այցելություններից:

Նշենք, որ այդ կարճատև մասնավոր այցի շրջանակներում Փոլ Մաքքարթնին ցանկություն էր հայտնել հանդիպել նաև իրանցի ճանաչված փոփ երաժիշտների հետ և ունկնդրել նրանց կատարումները: Հանդիպումը կայացել էր, և ահա այդ հանդիպումից մի դրվագ է ներկայացնում Ջեյն Էշերի բլոգի հաջորդ լուսանկարը: Այստեղ պատկերված է Փոլ Մաքքարթնին՝ նարգիլեով, իսկ Փոլի կողքին կիթառ նվագողը՝ փոփ երգիչ Վիգեն Տերտերյանն է: Աջ կողմում, հյուրերին քաղցավենիք մատուցելու պահին՝ իրանական մեկ այլ հանրահայտ երգչուհի Գուգուշն է, որը վերջերս մեծ համերգով հանդես եկավ Երևանում:

Իրանահայ երգիչ, երգահան, կիթառահար և դերասան Վիգեն Տերտերյանը 1960-70-ական թվականներին շահական Իրանի ամենաճանաչված և սիրված փոփ-աստղերից մեկն էր, որին ժամանակակիցներն անվանել են «փոփ Սուլթան» կամ «Պարսից ջազի Սուլթան»: Վիգեն Տերտերյանը կատարել է իր երգերը հիմնականում պարսկերենով, ինչպես նաև՝ հայերեն և անգլերեն: 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո նա ստիպված հեռացավ Իրանից՝ բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, Քալիֆորնիա նահանգում, որտեղ էլ և ապրեց մինչև իր կյանքի վերջը: Վիգեն Տերտերյանը մահացել է 2003 թվականին, 74 տարեկան հասակում: