Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն

467
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ., 10:00
Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին, մայրաքաղաք Երևանի բոլոր եկեղեցիներում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն:

Մայր Աթոռում նռնօրհնեքի համար նախատեսված նուռը Սուրբ Էջմիածնին ընծայել են Արցախի Հանրապետության իշխանությունները:

***

Հայկական ավանդության մեջ նուռը՝ իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը:

Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հեղած արյան՝ խորհրդանշելով նաև Նրա հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով՝ միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ: